Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով հրապարակվեց մահացած վկայի նախաքննական ցուցմունքը

Դեկտեմբեր 20,2017 19:11

«Լիա» գեղեցկության սրահում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր հրապարակվեց գործով մահացած վկա Արա Վարդանյանի «Ճվճվ Արո» նախաքննական ցուցմունքը:

Ըստ նրա նախաքննական ցուցմունքի՝ Մուշեղ Մուշեղյանի (գործով սպանվածը) հետ ինքը ծանոթացել է Ղրիմում, հետո միասին վերադարձել են ՀՀ: Իսկ դեպքի օրը՝ 2016թ. նոյեմբերի 13-ին, Մուշեղ Մուշեղյանի հետ գնացել են իր մեքենան վերանորոգելու: Ավտոնորոգման կետում Մուշեղ Մուշեղյանը զանգ է ստացել, բարկացած խոսել է, ապա հեռախոսն անջատելուց հետո ասել՝ պետք է Չարբախ գնա: Ավտոնորոգման կետում իրենց հետ գտնվող իրենց ծանոթներից Վիրաբն էլ իր մեքենայով նրանց հասցրել է Չարբախում գտնվող «Լիա» գեղեցկության սրահ ու հեռացել:

Ըստ նրա՝ Մուշեղը մտել է գեղեցկության սրահ, ինքը նրան սպասել դրսում, այդ ընթացքում կրակոցի ձայն է լսել, ներս է մտել, որ տեսնի՝ ինչ է կատարվում, իրեն ընդառաջ է դուրս եկել Մուշեղ Մուշեղյանը՝ արնաշաղախ: Նրան իր որդու մեքենայով անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները նրան տարել են, ինքը հեռացել է, հետո է լսել, որ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Մեկ այլ ցուցմունքում Արա Վարդանյանը պատմել է, որ Վարդենիսից Վահագն Մանուկյանն իրեն 20 հազար դոլարից 18 հազար դոլարն է վերադարձրել, երբ դրա մասին պատմել է Մուշեղ Մուշեղյանին, վերջինս հորդորել է՝ չանհանգստանալ՝ խոստանալով, որ այդ գումարը շուտով ինքը կստանա: Հետագայում, երբ ինքը Մուշեղից հետաքրքրվել է՝ ինչպես է գումարը պահանջել, վերջինս նրան չի ասել:

Հիշեցնենք, որ Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան՝ հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031