Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը Գյումրիում մոտ 1 միլիարդանոց շենք է կառուցում

Դեկտեմբեր 20,2017 18:55

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կառավարությանն առաջարկում է երկարացնել Շիրակի մարզում ոստիկանական վարչության շենքի կառուցման վերջնաժամկետը: Կառավարության վաղվա՝ դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում ներառված որոշման նախագծով ոստիկանապետն առաջարկում է «Գոհարիկ» ՍՊԸ-ի հետ կնքած շինարարական աշխատանքների պայմանագրում փոփոխություն կատարել, եւ շինաշխատանքների վերջնաժամկետ սահմանել մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 1-ը:

Այս նախագծում ուշագրավը ներկայացված իրավիճակն է, թե ինչու է ձգձգվում շենքի կառուցման ավարտը: Նախ՝ ոստիկանապետը հիմնավորում է, որ ՀՀ ոստիկանության եւ «Գոհարիկ» ՍՊԸ –ի միջեւ 2016-ի հուլիսի 27-ին կնքվել է պայմանագիր, որով կապալառուն՝ «Գոհարիկ» ՍՊԸ-ն պարտավորվել է իրականացնել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի ոստիկանության բաժնի, Ճանապարհային ոստիկանության Շիրակի մարզային ՀՔԲ-ի, Շիրակի մարզային ՃՈ-ի, Պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնին հատկացված շենքի կապիտալ (ընդհանուր) շինարարական աշխատանքները:

Պայմանագրի թիվ 2 հավելվածով հաստատված օրացուցային գրաֆիկի՝ նշված աշխատանքների առաջին մասը՝ 475միլիոն 369 հազար դրամ արժողությամբ, կատարվել է սահմանված ժամկետում, 2-րդ եւ վերջնական մասի՝ 440 միլիոն դրամ արժողությամբ, ավարտի համար ընկերության հետ համաձայնագրով ժամկետ է նախատեսվել 2017 թվականի դեկտեմբերի 20-ը: Սակայն, ինչպես նախագծում է նշված, այս տարվա գարնանից, պայմանավորված Գյումրի քաղաքի Կումայրու արգելանոցի պահպանման անհրաժեշտությամբ, կառավարության հանձնարարականով տեւական ժամանակ քննարկվում էր Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի 22/2 հասցեում կառուցվող շենքը այլ գերատեսչության հանձնելու նպատակահարմարության հարցը: Եվ հենց սա էլ եղել է պատճառը, որ կապալառուն սահմանված ժամկետում չի հասցրել ավարտել շինաշխատանքները, քանի որ դրանք դադարեցվել էին: Եվ հիմա կառավարություն ներկայացված նախագծով կապալառուին հնարավորություն է տրվում ոստիկանների համար նախատեսված շենքի կառուցումն ավարտին հասցնել եկող տարվա սեպտեմբերի 1-ին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031