ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է մի շարք օրենքներում փոփոխություններ՝ ամրագրելով սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը և դրանից բխող պատասխանատվության միջոցներն անհամապատասխանությունների դեպքում: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ հանդիպումներ են անցկացվել շահագրգիռ կողմերի՝ արդեն գործող և նոր կառուցվող սպանդանոցների սեփականատերերի, ինչպես նաև իրացման ցանցերի և հանրային սննդի օբյեկտների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու ժամանակացույցը, ինչպես նաև օրենսդրական փոփոխություններից բխող անելիքները, միաժամանակ՝ լսելու վերջիններիս տեսակետներն ու առաջարկությունները գործընթացի վերաբերյալ:
Նոր սպանդանոցներ կառուցող տնտեսվարողները վստահեցրել են, որ սահմանված ժամկետը բավարար է սպանդանոցների կառուցման աշխատանքներն ավարտելու և շահագործման հանձնելու համար:
Իրացման ցանցերի և հանրային սննդի օբյեկտների ներկայացուցիչներին ՍԱՊԾ պաշտոնյաները հորդորել են արդեն սկսել փնտրել և կապ հաստատել այն գործարարների հետ, որոնք սպանդանոցային ծագման միս կմատակարարեն: Ծառայության վերլուծությունները վկայում են, որ հանրապետության ամբողջ տարածքն ապահովված կլինի սպանդանոցային անհրաժեշտ կարողություններով սահմանված ժամկետում: Գործող սպանդանոցների քանակն արդեն իսկ բավարար է Երևանում և Կոտայքի մարզում: Նախնական հաշվարկով՝ մինչև 2018թ-ի հուլիսի մեկը հանրապետությունում պատրաստ կլինեն շահագործման 40 սպանդանոցներ, որոնցից 17-ն արդեն գործունեություն իրականացնում են: Բացի այդ՝ ստացվել է սպանդանոց կառուցելու 30 նոր հայտ, այդ տնտեսվարողներին խորհրդատվությամբ օգնում են Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրությունների զարգացման ազգային կենտրոնն ու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, այդ թվում և՝ սպանդանոցների նկատմամբ, Ծառայությունը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am