Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Սեֆիլյանին չբերեք, վեր կկենամ-կգնամ». Պավլիկ Մանուկյանը պնդեց Ժիրայր Սեֆիլյանի ներկայությունը

Դեկտեմբեր 20,2017 17:48

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստում, որի ընթացքում այսօր հրապարակվում են գործում առկա գրավոր փաստաթղթերը, ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդեց դրան մասնակից դարձնել նաեւ Ժիրայր Սեֆիլյանին (կալանավորված է ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեղադրանքով):

Նա նշեց, որ «Սասնա ծռերին» առաջադրված մեղադրանքին առնչվում են Ժիրայր Սեֆիլյանը եւ Գեւորգ Սաֆարյանը, այլ է հարցը, որ մեղադրողներն արհեստականորեն բաժանել են նրանց քրեական գործերը, ուստի ճիշտ կլինի, որ նրանց առնչությամբ հրապարակվելիք փաստաթղթերի (Սեֆիլյանի վարձակալած գրասենյակներից խուզարկությամբ առգրավված իրեր) մասին նաեւ նրանք կարծիք հայտնեն:

Պապիկյանը մտահոգություն հայտնեց, որ մեղադրող կողմն այդ ապացույցները գուցե մտադիր է օգտագործել «Սասնա ծռերից» Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի դեմ, որոնց եւս զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանք է առաջադրված, ինչպես Սեֆիլյանին, ուստի պետք է լսել նաեւ վերջինիս:

Դատավոր Մեսրոպ Մակյանը, սակայն, դիտարկման հետ չհամաձայնեց՝ փաստելով, որ ըստ օրենքի՝ դատավարության կողմ չհանդիսացող անձը չի կարող ներկա լինել ապացույցների հետազոտման փուլին: Դատավորը նշեց՝ եթե պաշտպանական կողմը անհրաժեշտ է գտնում Սեֆիլյանին լսել, ապա հետագայում կարող են միջնորդել եւ նրան որպես վկա հարցաքննել, բայց նրա ներկայությունն այս փուլում հնարավոր չէ:

Նույնը նշեցին նաեւ մեղադրող դատախազներ Արամ Արամյանն ու Պետրոս Պետրոսյանը՝ ասելով, որ օրենքը նման ընթացակարգ չի սահմանում:

Այսպիսով, դատավորը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը, ինչը զայրացրեց Պավել Մանուկյանին: «Բերեք Սեֆիլյանին, այլապես վեր կկենամ ու կգնամ նիստերի դահլիճից… Վերջապես «արդարադատություն» եւ «կառափնարան» հասկացություններն իրարից պետք է տարբերե՞լ, թե՝ ոչ»՞,-բղավեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031