Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենչիկը սա լսի, եկող տարի Գրեմմիին էլ կներկայացվի». Արամ Սաթյան

Դեկտեմբեր 20,2017 17:29

ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը վստահեցրեց, թե Դիլիջանի կոմպոզիտորների տունը վարձակալության հանձնելով՝ փորձում են այն փրկել: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա մանրամասնեց. «Դա ճանապարհներից մեկն է, որը պետք է անել, որպեսզի Դիլիջանի մեր հանգստյան տունը չփլուզվի, քանի որ այդ շինությունները 60-ականների են: Միությունը միջոց չունի վերանորոգելու, դրա համար մենք պայմանագրեր կնքեցինք այդ մարդկանց հետ հինգ տարով, որ սարքեն շենքը, Կոմպոզիտորների միությունն էլ օգտվի: Շնորհիվ դրա՝ մեր միության անդամները երկու ամիս աշնանը կամ գարնանը կարող են գնալ այնտեղ, ստեղծագործել: Վարձակալողն ամեն ամիս քոթեջների համար 50.000 դրամ վճարում է միությանը: Արդեն հինգ քոթեջ վերանորոգվել է»:

Հարցին՝ ի՞նչ ծրագրեր ունեն 2018-ի համար, Արամ Սաթյանը նախ հարցրեց՝ իսկ իրենց փառատոններին 2017-ին մասնակցե՞լ են: Բացասական պատասխան ստանալուց հետո ասաց, եթե չեք այցելել, ինչո՞ւ եք նման հարց տալիս: Այնուհետև տեղեկացրեց, որ 2018-ին իրականացնելու են Երիտասարդ կոմպոզիտորների չորրորդ փառատոն, Հայ ժամանակակից երաժշտության հինգերորդ փառատոն, Միրզոյանի անվան մրցույթ- փառատոն, որը 5-րդ անգամ է անցկացվում:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ տեղեկացրեց, որ միությունը տարվա ընթացքում կազմակերպել է շուրջ 150 միջոցառում։ Նա կարևորեց սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների համաժողովը։ Խոսելով խնդիրներից՝ Էդվարդ Միլիտոնյանը փաստեց. «Առաջնահերթ խնդիրն այն է, որ կարողանանք ժամանակակից գրականությունը ներկայացնել և ճիշտ լուսաբանել։ Մենք մեր լավագույն գրողներին պետք է կարողանանք ժամանակին թարգմանել, միայն այդ դեպքում հնարավոր կլինի նրանց մասնակցությունը միջազգային մրցույթներին։ Ցավոք, Հայաստանը պատրաստ չէ գնահատել իր մեծ գրողներին, որովհետև հիմա քիչ են կարդում, հանդիպումները գրողների հետ քիչ են»:

Արամ Սաթյանն էլ մտահոգություն հայտնեց, թե արժեքներն են փոխվել. «Մեզ մոտ իսկական արժեքները փոխարինվել են ուրիշներով: Մի քիչ առաջ Արմենչիկի մասին հարցրեցիք: Եթե նա ստացել է կոչում, դա բնական է, քանի որ երբ արժեքները խախտված են, ուրեմն պետք է կարողանանք այդ իրավիճակում պատկերացնել այն, ինչ մենք անում ենք: Բնական է՝Արմենչիկին Գրեմմի չեն ներկայացնի, բայց կարող էր Արմենչիկը հանգիստ դա անել, քանի որ մեդիաների հետ է աշխատում, քանի որ իր ձայնասկավառակը լավ վաճառվում է: Եթե Արմենչիկն իմ այս հարցազրույցը լսի, մյուս տարի Գրեմմիին կնոմինացվի: Մենք արժեքներն արդեն փոխել ենք, և դրա համար միություններն անհրաժեշտ են, որպեսզի այն արժեքները, որոնք իրոք կարող են աշխատել վաղը, պահպանվեն: Կոչումներն ու մրցանակները կգնան կմնա կոմպոզիտորը, գրողը»:

Պարոն Սաթյանը մտահոգված է, որ մեզ մոտ կոչումապաշտությամբ են զբաղված: Հարցին՝ մտահոգված չէ՞, որ վաստակավորի կոչում են ստացել Արմենչիկն ու Ռազմիկ Ամյանը, պարոն Սաթյանը պատասխանեց. «Դրա համար ես անտարբեր եմ կոչումների նկատմամբ: Եթե տալիս են, իրենց խնդիրն է և՛ արմենչիկների, և՛ տվողների: Եթե ժողովուրդը գնում է այդ համերգներին, լսում այդ երաժշտությունը, կարելի է նաև ժողովրդականի կոչում էլ տալ: Մենք պրոֆեսիոնալ մշակույթի ներկայացուցիչներ ենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ըստ ինձ, այսօրվա մեր ստեղծագործական միտքը, դա վերաբերվում է բոլոր բնագավառներին, մեծ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ առջեւ է կանգնած:
    Պետք է ընդունել, որ սովետական տարիները հետ չեն վերադառնալու եւ նախքինում ընդունված աշխատելակերպները այսօր չեն կարող գոյություն ունենալ:

    Հարցի ամբոջ լրջությունը մշակույթի նախարարության ուսերին է:

    Այն պետք է ստեղծի նոր համակարք, ուսումնասիրելով դրսում գտնվող մի շարք եվրոպական երկրների մշակութային աշխատանքի ընթացքին:

    Այդ նոր համակարգի մեջ միայն կարելի է ճիշտ որոշունմեր առնել ի շահ մեր ճիշտ մշակույթին:
    Մինչեւ այնքան ժամանակ,որ մենք չունենք այդ նոր մշակութային համակարգը, շարունակելու ենք ականատես լինել ավելի տխուր երեւույթների:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031