Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող շուրջ չորս տասնյակ անդամների հետ։
Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ հայ և ֆրանսիացի ժողովուրդների բազմադարյա հարաբերություններին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումներին։ Հայաստանի արտգործնախարարն արժևորեց երկու երկրների խորհրդարանների կարևոր դերակատարումը հայ-ֆրանսիական համագործակցության խորացման գործում։
ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լույսի ներքո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները։
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանի առաջնորդող դերակատարությանը։
ՀՀ արտգործնախարարը մանրամասն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերին, հանգուցալուծման գործընթացի վերջին զարգացումներին։
Նախարար Նալբանդյանը ֆրանսիացի խորհրդարանականներին ներկայացրեց մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Ելույթից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։
ԱԳՆ հաղորդագրություն