Լրահոս
Օրվա լրահոսը

«Համակարգի ղեկավարները նույնիսկ ջրանցքների տեղը չգիտեն. ո՞նց են Սևանից ջուր հասցնելու Հոկտեմբերյան». Հրաչ Բերբերյան

Դեկտեմբեր 20,2017 16:10

«Մտահոգված ենք հաջորդ տարվա համար: Պարզ չէ՝ թե գյուղացին պարարտանյութ կստանա՞, թե՞ շուկան կազատականացվի»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Ամփոփելով 2017-ը՝ պարոն Բերբերյանն ասաց, որ ցրտահարությունների, երաշտի ու սակավաջրության տարի է եղել: Հրաչ Բերբերյանը դժգոհեց. «Այն աշխատանքները, որոնք նախորդ տարի պետք է կատարվեին ու ապահովեին գյուղացուն այն ռեսուրսները, որոնք նա պետք է ներդներ հողի վրա, չկատարվեց: Արդյունքում ունեցանք քիչ քանակությամբ պարարտանյութ: Սակավաջուր տարի էր, նույնիսկ Սևանից ջուր վերցրինք: Ուղղակի զարմանում եմ ոռոգման համակարգի ղեկավարներից մեկի հայտարարության վրա, թե Սևանի ջրով Հոկտեմբերյան էլ կսպասարկենք: Թող բերի, այդ ջրանցքը ցույց տա, թե ոնց է ջուրը հասնելու Հոկտեմբերյան: Անգամ մեր ջրանցքների տեղը չգիտեն: Նման ջրանցք չկա»:

Ըստ պարոն Բերբերյանի՝ ճիշտ կլինի պարարտանյութերի շուկան ազատականացնել, մրցակցային դաշտ բերել և պարարտանյութերը վաճառել խանութներում: Նրա համոզմամբ՝ մրցակցության դեպքում գուցե գինն այնքան իջնի, որ հասնի նրան, ինչ անցյալ տարի կառավարությունը տրամադրեց: Պարոն Բերբերյանի կարծիքով՝ պետք է սուբսիդավորել այն կուլտուրաները, որոնք կարելի է արտահանել. օրինակ՝ ծիրան, լոլիկ. Հայաստանը մինչև 30.000 տոմատի մածուկ է արտահանել, հիմա մենք ենք ներկրում»:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո գյուղատնտեսությամբ զբաղվողների վիճակին՝ պարոն Բերբերյանը մտահոգություն հայտնեց. «Ռուս ֆերմերն իր արտադրության կազմակերպման համար ավելի լավ պայմաններում է գտնվում, քան հայը: ԵԱՏՄ-ի պայմանագիրը ստորագրելուց հաշվի չէին առնում այդ կարգավորումները: Հայ ֆերմերին մեկ պարկի համար պետությունը 1000-2000 դրամ է տալիս, ռուս ֆերմերին՝ չորս- հինգ անգամ ավելի: Պարարտանյութերն անվճար են, էլ չեմ ասում դիզվառելիքը: Թուրքմենստանում դիզվառելիքն անվճար է, Բելառուսում սուբսիդավորումն աշխատում է: Բելառուսական ընկերությունները գովազդ են դնում կայքերում, թե ինչ որակով կարտոֆիլ ունենք: Կապվել ենք նրանց հետ, ասում ենք իրավունք չունեք վաճառելու, դրանք ձեր սորտերը չեն: Այսինքն՝ կեղծիք են անում. բերում են ցածր վերարտադրությամբ սերմեր, էժան, փորձում են ՀՀ-ում վաճառել: Մեկն ինձ հակադարձեց, թե ժամանակին, եթե բելառուսական սերմերը չբերեին….այն ժամանակ մենաշնորհ էր, միայն Բելառուսն էր սերմեր արտադրում: Կոլորադյան բզեզը և շատ այլ հիվանդություններ Հայաստան եկան բելառուսական սերմի հետ: Արդյունքում կունենանք այն, որ մեր հողերը կվարակվեն ու մեր հողերի կարտոֆիլը չենք կարող արտահանել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031