Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հարափոփոխ աշխարհում պետք է կարողանա հավասարակշիռ քաղաքականություն վարել. Գագիկ Հարությունյան

Դեկտեմբեր 20,2017 15:33

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը դիտարկումներ արեց տարածաշրջանային գործընթացների, հնարավոր զարգացումների եւ այդ ֆոնի վրա Հայաստանի անելիքների վերաբերյալ:

«Իրադարձություններ կան, որոնք գտնվում են գլոբալ հարթությունում, բայց նշանակություն ունեն բոլորի համար: Որպես այդպիսի փաստ կառանձնացնեի Իրաքում եւ Սիրիայում ԻՊ նկատմամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փայլուն հաղթանակը: ԽՍՀՄ փլուզումից հետո թերեւս առաջին անգամ Մերձավոր Արեւելքում խնդիրները լուծվեցին ոչ միայն Միացյալ Նահանգների գերակայության եւ ուղղորդման արդյունքում: Ինչպես տեսանք, Սիրիայում յուրաքանչյուրն իր չափով եւ իր շահերին համապատասխան, կարեւոր դերակատարություն ունեցան նաեւ Իրանը, Թուրքիան: Այսպիսով, աշխարհում վերջնականորեն հաստատվեց բազմակենտրոն համակարգը, որը խիստ կարեւոր է: Կարելի է ասել՝ այս հանգամանքը վկայում է այն մասին, որ ողջ աշխարհն է մասնատվել: Ճիշտ էին եվրոպական եւ ամերիկյան այն վերլուծաբանները, որոնք մի քանի տարի առաջ ասում էին, որ գլոբալիզացիային հետեւելու է մասնատման գործընթացը եւ հետլիբերալ աշխարհում նախկին միատիրության օրենքներն արդեն վերջացել են, ինչը մենք այսօր տեսնում ենք:

Այս համատեքստում պետք է նայել, թե 2017-ին Հայաստանում ինչ կատարվեց: Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրն այս հարափոփոխ աշխարհում մեր առջեւ լավագույն տարբերակներ ընտրելու ճանապարհներ է բացում: Բոլորն են ասում, որ այս պայմանագրով Հայաստանը կամուրջ է հանդիսանում Եվրամիության ու Եվրասիական տնտեսական գոտու միջեւ: Դա հնարավորություններ է ստեղծում մեզ համար այն առումով, որ Եվրոպայում ծավալվող գործընթացները խոսում են այն մասին, որ կա Լիսաբոնից՝ Պեկին մեկ տարածք, մեկ աշխարհատնտեսական միավոր ստեղծելու տեսլական: Եվ դա բնական է», – նշեց Գագիկ Հարությունյանը:

Բանախոսը նշեց, որ այսօր մենք ուրիշ Եվրոպայի հետ գործ ունենք, որը բավականաչափ մասնատված է՝ հիշելով բրեքսիտը, կենտրոնախույս ուժերը Իսպանիայում, Իտալիայում: Նրա խոսքերով, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամ է: «Հաշվարկներ կան, որ 30-40-ական թվականներին Եվրոպայի բնակչության կեսից ավելին ոչ քրիստոնյա է լինելու: Այս ամենն ասում է այն մասին, որ Եվրոպայի համար լավագույն օրերը չեն», – ասաց նա:

Այսօր աշխարհում քաղաքական եւ տնտեսական վերադասավորումներ են ընթանում: Եվ եթե Հայաստանը կարողանա այս բավական բարդ իրավիճակներում վտանգներից խուսանավել հավասարակշռված ձեւով, դա իր անվտանգության գրավականը կարող է դառնալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031