Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն երրորդ անգամ խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո այսօր որոշեց քրեական հեղինակություն «կայարանցի Թեւոսիկի» եղբոր սպանությունը կազմակերպելու համար Իսրայել Սարգսյանին դատապարտել 25 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երևան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թվով 4 հատ ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ