ՀՀ նախագահի 2009 թ. ապրիլի 16-ի հրամանագրով ստեղծվել էր Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ: Մրցանակակիր օտարերկրացի գիտնականները ստանում էին $500000, ինչը լուրջ դժգոհությունների տեղիք էր տվել գիտական շրջանակներում, դրա համար էլ Բյուրականի աստղադիտարանը ՀՀ նախագահին առաջարկել էր վերանայել մոտեցումները:
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը դեկտեմբերի 20-ին կայացած ասուլիսում հայտնեց, որ փոփոխություններ են այժմ կատարվել Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի կանոնակարգում:
Մրցանակային գումարն արդեն կկազմի $300000, իսկ $100000-ը կուղղվի աստղագիտության ոլորտում գիտական նախագծերի իրականացմանը, ԵՊՀ ուսանողներին կրթաթոշակներ կտրամադրվեն եւ այլ ձեռնարկներ կյանքի կկոչվեն:
Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ զրույցում ՆԱՍԱ-ի (National Aeronautics and Space Administration) հայազգի գիտաշխատող, աստղաֆիզիկոս Վլադիմիր Հայրապետյանը կարծիք էր հայտնել, թե մրցանակի գաղափարն այսօր արդարացված չէ, քանի որ Հայաստանն այդքան հարուստ երկիր չէ, գիտությունն էլ ծանր վիճակում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ