2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն այսօր վերսկսվելուն պես շտապօգնություն հրավիրվեց դատարան:
Դատավոր Մեսրոպ Մակյանը դատավարության կողմերին տեղեկացրեց, որ վատացել է ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») ինքնազգացողությունը:
Ամբաստանյալներից Արմեն Բիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Արմինե Ֆանյանն էլ միջնորդեց, որպեսզի Բիլյանին բուժօգնություն տրամադրվի, քանի որ ՔԿՀ-ի անգործությունից դժգոհելով՝ նա երեք օր է, ինչ հացադուլի մեջ է, վատ վիճակում է: Նիստն ընդմիջվեց, որպեսզի ամբաստանյալներին բուժօգնություն տրամադրվի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ