Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին` նշեց, որ իրենց առաջ խնդիր են դրել Բյուրականի աստղադիտարանը զարգացնել որպես գիտական զբոսաշրջության կենտրոն: «Քարտեզ ունենք հրատարակված` «Հայաստանը գիտության երկիր», ֆիլմ ենք նկարահանել «Արձագանք» ստուդիայի հետ համատեղ` նույն վերնագրով: Փորձում ենք ներկայացնել Հայաստանի գիտական այցելավայրերը, որոնք կարող են հետաքրքիր լինել զբոսաշրջիկներին»,-ասաց նա:
Մանրասաները` քիչ անց տեսանյութում:
«Գիտական տուրիզմը տեսակով չեզոք է, բոլոր երկրներից այդ նպատակով կուզենան գալ Հայաստան: «Օրինակ, մուսուլմանական երկրներից չեն ցանկանա անընդհատ միայն հայկական եկեղեցիներ նայել, ուսումնասիրել, բայց աստղադիտարան հաստատ կուզենան գալ: Պետք է գտնել այլընտրանքային գրավիչ վայրեր մեր երկրում, որոնցից մեկն էլ հենց աստղադիտարանն է»,-փաստեց աստղադիտարանի տնօրենը:
Արեգ Միքայելյանը այլ օրինակներ էլ բերեց: Նրա հավաստմամբ, Հավայան եւ Կանարյան կղզիների այցելուներին որպես ամենահետաքրքիր վայր առաջարկում են աստղադիտարան գնալ:
«Ընդ որում, Հավայան կղզիներում 12000 դոլար է տոմսը մեկ հոգու համար: Մեզ մոտ հաճախ են գալիս ԱՄՆ-ից ու ասում են, որ առաջին անգամ են աստղադիտարանում լինում, չնայած իրենց մոտ եւ Հավայան կղզիներում կա աստղադիտարան, եւ Արիզոնա նահանգում, եւ Կալիֆոռնիայում: Հայաստանյան զբոսաշրջային ընկերությունները պետք է աշխատեն այս ուղղությամբ, թե չէ նստած սպասում են, ով երբ կգա Հայաստան, որ բռնեն ու Գառնի-Գեղարդ տանեն»,-ասում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ