2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովում այսօր ներկայացվեց նաեւ քաղաքացի Էդուարդ Պողոսյանի դիմումը: Նա նշել է, որ որդին՝ Ժիրայր Պողոսյանը դեռեւս 2014թ.-ի զորակոչի ժամանակ ստացել է երեք տարվա տարկետում, քանի որ ունի սրտի ռիթմի խանգարում, սրտի անբավարարություն: Այս տարի արդեն նա ծառայության համար ճանաչվել է պիտանի՝ սահմանափակումով, ինչի հետ ծնողը համաձայն չէ: Հայրը տեղեկացրեց, որ Ժիրայրն ունի նաեւ լյարդի եւ փայծաղի մեծացում, ինչի մասին, սակայն, առողջության անձնագրում նշված չէ:
Հանձնաժողովի անդամներն այդ փաստը բացթողում համարեցին եւ որոշեցին ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովին միջնորդել կատարել լրացուցիչ հետազոտություն՝ բոլոր օրգանների «սոնոգրաֆիա»: Հայրը նշեց նաեւ, որ որդին սննդային ալերգիա ունի:
Ժիրայր Պողոսյանն իր հերթին հանձնաժողովականներին ասաց. «Սննդակարգից ցանկացած շեղման դեպքում դեմքիս եւ մարմնիս ցան է առաջանում: Ճնշումս բարձրանալու պատճառով էլ քթիցս տեւական ժամանակ արյուն է հոսում: Արագ քայլելուց էլ շնչահեղձություն է սկսվում, աչքերիս առաջ սեւանում է»:
Հավելենք, որ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ