Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման հարցերը հաստատ քաղաքական տեսակետներ հայտնելու համար չեն, այլ մասնագիտական». Կարեն Ավագյանը՝ Գարդասիլ պատվաստանյութի մասին

Դեկտեմբեր 20,2017 14:40

«Վերջին շրջանում շատ ենք ականատես լինում, երբ մարդիկ խոսում են թեմաների մասին, որոնց մասնագետը չեն, որոնց մասին ունեն մակերեսային տեղեկություններ, խոսում են, որովհետև դրա մասին արտահայտվելը մոդայիկ է, պահի պահանջ»,- Aavot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գարդասիլ պատվաստանյութի շուրջ բարձրացած աղմուկին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Ավագյանը: Նա նշեց, թե վերջին օրերին փորձել է ուսումնասիրել ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը՝ պապիլոմա վիրուսը և դրա դեմ պատվաստումը։ Այնուհետև ներկայացրեց միջազգային աղբյուրներում եղած տեղեկատվությունը:

Օրինակ՝ 2013 թվականին Գարդասիլ պատվաստանյութը գրանցված էր ավելի քան 125 երկրներում: 2014 թվականի դրությամբ աշխարհում կիրառվել էր ավելի քան 140 մլն դոզա Գարդասիլ: Պատգամավորը ներկայացրեց մի շարք երկրների ցանկ, որոնց ներկա պատվաստումների ազգային օրացույցում ներառված է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում (Գարդասիլ կամ Ցերվարիքս)՝ԱՄՆ, Գերմանիա, Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բրազիլիա, Կանադա, Կոլումբիա, Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա և այլն:

Մեր այն հիշեցմանը՝ կասկածներ կան այն առումով, թե ինչու են ընտրվել հենց 13 տարեկան աղջիկները. ՄԱԿ-ը հետազոտություն է իրականացնում նրանց շրջանում, պարոն Ավագյանն արձագանքեց. «Երկրների մեծամասնության պատվաստումների ազգային օրացույցներում նախատեսված է 11-13 տարիքային խումբը: Ներկա պահին պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը կատարվում է նաև Հայաստանում, սակայն նշեմ, որ 2016 թվականի կառավարության նիստին հավանություն ստացած 2016-2020 պատվաստումների ազգային օրացույցում չկար նախատեսված պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում: Գուցե հենց սա է պատճառը, որ պատվաստումը նման աղմուկ է բարձրացրել: Հայաստանում կիրառվում է Gardasil 4-վալենտ պատվաստանյութը, 6, 11, 16 և 18 տիպերի պապիլոմավիրուսի դեմ: Առաջին երկուսը սրածայր կոնդիլոմա առաջացնող տիպերն են, իսկ 16-ն ու 18 -ը արգանդի վզիկի քաղցկեղ»:

Մյուս խնդիրը, որը բարձրացնում են պատվաստանյութը քննադատողներն այն է, թե ինչպես է ձեռք բերվել պատվաստանյութը և ինչու շուկայականից այդքան ցածր գնով: Այս առիթով Կարեն Ավագյանն ասաց. «Պատվաստանյութը 2017 և 2018-ի համար Հայաստանին անվճար տրամադրում է GAVI (Global Alliance for Vaccines and Immunisation) միջազգային կազմակերպությունը: GAVI-ն նաև ձեռք է բերել «Advanced market price» գնի պայմանավորվածություն երկու ամենախոշոր արտադրողների հետ՝ անգլոամերիկյան GSK – Cervarix և ամերիկյան Merck – Gardasil, ըստ որի պատվաստանյութերը, որոնք շուկայում արժեն մոտ 100 $, գնվում են ազգային ծրագրերի համար 4.5 $ -ով: Այդ պայմանավորվածությունը մոտակա 10 տարում գործելու է նաև Հայաստանի համար, որը 2019 թվականից սկսած պետք է գնի պատվաստանյութը սեփական միջոցներով: Gardasil-ի արտադրողի ցուցումներով՝ պատվաստումը կարելի է անել սկսած 9 տարեկանից: Պատվաստումը արվում է 2 դոզայով, եթե պատվաստվողը մինչև 13 տարեկան է 3 անգամ, եթե աղջիկը 14 տարեկան է և բարձր (երևի դա պատճառներից մեկն է, թէ ինչու են երկրները ընտրում մինչև 13 տարեկանների խումբը): Հավանաբար դա պայմանավորված է նրանով, որ պապիլոմավիրուսային ինֆեկցիան զուտ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիա չէ, և 13-ից բարձր աղջիկների մոտ բարձրանում է օրգանիզմի և վիրուսի ինչ-ինչ ճանապարհով շփվելու հավանականությունը: Իսկ վիրուսի հետ արդեն «ծանոթ» օրգանիզմը ավելի թույլ իմունային պատասխան է տալիս պատվաստանյութին, ինչի համար էլ հակամարմինների բավականաչափ քանակի հասնելու նպատակով կիրառվում է 3-րդ դոզան»:

Զրույցի ավարտին պատգամավորն ամփոփեց. «Նման հարցերը հաստատ քաղաքական տեսակետներ հայտնելու համար չեն, այլ մասնագիտական, իսկ ինչ վերաբերում է պատվաստվելու բարդություններին, ապա սա ոչնչով չի տարբերվում այլ պատվաստանյութերի ունեցած բարդություններից»:

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031