Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանն առաջարկում է պատժել դատավորներին՝ ՄԻԵԴ վճռի հիմքով, ոչ թե մի հատ նկատողություն ստանա ու վերջ

Դեկտեմբեր 20,2017 13:44

ԱԺ-ում քննարկվում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական նախագիծը, որը զեկուցեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա ասաց, որ դատավորի արտաքին եւ ներքին անկախության հարցն է լուծում օրենսգիրքը: Սահմանված է դատավորի վարքագծի կանոն, որ իր գործունեության միջամտության ցանկացած փորձի մասին պետք է դատավորը բարձրաձայնի Բարձրագույն դատական խորհրդում, ով ճնշում գործադրի դատարանի որոշման վրա, պետք է պատասխանատվության ենթարկվի: Դատավորը պետք է հանդես գա հայտարարությամբ, որպեսզի ողջ հանրությունն իմանա, թե ինչ է տեղի ունենում:

Դատարանների նախագահների խորհուրդը վերացվում է, Բարձրագույն դատական խորհուրդն է ապահովելու դատական իշխանության անկախությունը: Էապես փոխվել են դատարանի նախագահի լիազորությունները եւ դատավորը ավելի անկախ է դարձել դատարանի նախագահից:

Հարակից զեկուցող, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը վստահեցրեց, որ այս օրենսգիրքը արդարադատության որակը երկրում կբարձրացնի: Կոստանյանը խոսեց դատավորների պատասխանատվության մասին, ասաց, որ պետք է հասնենք այն որակին, որ դատավորը պատասխանատու իրեն զգա իր կողմից կայացրած որոշումների համար: Կոստանյանը խոսեց ՄԻԵԴ որոշումների մասին, որոնք փաստում են ինչ-ինչ դատավորների սխալների մասին, բայց այդ դատավորներին չենք կարող ֆինանսական պատասխանատվության ենթարկել, համաշխարհային պրակտիկայում էլ դա բացակայում է, որովհետեւ դատավորները պետք է ունենան ֆինանսական անկախության երաշխիքներ: Բայց դա չի նշանակում, որ դատավորները պատասխանատու չեն իրենց ակտերի համար:

Հիմա Կոստանյանն առաջարկում է, որ այն դատավորները, ում վերաբերյալ գործով Եվրոպական դատարանը վճիռ կկայացնի, որ սխալվել է, դա առնվազն հիմք կհանդիսանա այդ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար. «ՄԻԵԴ վճիռը ինքնին հիմք չէ դատավորին պատասխանատվության ենթարկելու համար, բայց գործընթաց սկսելու համար դա կարող է հիմք հանդիսանալ»:

Գեւորգ Կոստանյանն ասաց, որ դատավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքերն են հստակեցվել, թե որն է կոպիտ, էական խախտումը:

Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե ի՞նչ անեն, որ դատավորները պատուհաս չդառնան մարդկանց գլխին եւ իրենց անփութության հետեւանքով ճակատագրեր չխեղվեն: Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Մեր խնդիրը հենց դա է, որ մենք կաշառակեր, ոչ պատշաճ գիտելիքներ եւ փորձ ունեցող, ոչ պրոֆեսիոնալ դատավորների կա՛մ թույլ չտանք, որ իրենք դատավորներ դառնան, կամ, եթե դարձել են, ունենանք պատշաճ մեխանիզմներ՝ այդ դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար»:

Ուրիխանյանը մի օրինակ բերեց. «Նշանակված է դատական նիստի, կողմերը տեղեկացվում են, ներկայանում են, գալիս, հասնում են դատարան, ընդ որում, կարող են հասնել Հայաստանի հեռավոր մարզային բնակավայրից՝ 400 կմ կտրելով: Գալիս հասնում են, պարզում են, որ դատավորը իբր հիվանդ լինելով, իբր եմ ասում, որովհետեւ հետո հետազոտել ենք՝ արձակուրդ է ձեւակերպել հիվանդության հիմքով, բայց պարզվել է Կոստա-Բրավայի կուրորտում իբր թե բուժվում է կամ հանգստանում է»:

Կոստանյանը արձագանքեց, որ եթե այդ փաստերն ապացուցվեն, դա ակնհայտ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է, հետեւաբար պետք է դիմել արդարադատության նախարարին կամ էթիկայի հանձնաժողովին. «Իհարկե, դա մեծ պրոբլեմ է, նման գործողությունները ողջամիտ ժամկետի խախտմանն է հանգեցնում»:

Գեւորգ Կոստանյանն ավելի ուշ իր ելույթում նշեց, որ եթե պրոֆեսիոնալ դատավորների ընտրեն, դա կոռուպցիայի հարցն էլ ինքնին կլուծի, որովհետեւ գիտակից դատավորը զերծ կմնա կոռուպցիայից՝ իմանալով, որ գործ ունի մարդկանց ճակատագրերի հետ: Ինչ վերաբերում է ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարին դատական համակարգում, շատ կարեւոր է պատասխանատվության ենթարկելը. «Երբ դատավորը մեկ խախտում է թույլ տալիս, խախտման բնույթով եւ ծանրությամբ էլ պետք է պատասխանատվությունը պայմանավորված լինի, ոչ թե շատ կոպիտ խախտում թույլ տա, հետո մենք բյուջեից 100-200 հազար եվրոյով փոխհատուցում անենք, ինքն էլ մի հատ նկատողություն ստանա ու վերջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031