Բաքվում ավարտվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հինգերորդ եռակողմ հանդիպումը: Հանդիպման ավարտին արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Ջավադ Զարիֆն ընդունել են համատեղ հայտարարություն:
«Փաստաթղթում արտացոլված է՝ ինչպիսին ենք մենք տեսնում համագործակցությունը: Դա և՛ էներգետիկան է, և՛ զբոսաշրջությունը, և՛ տրանսպորտը, մենք ցանկանում ենք ընդլայնել համագործակցությունն այդ ոլորտներում»,- հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ կողմերը պատրաստվում են ընդլայնել էներգետիկ համագործակցությունը, և Թուրքիան ու Իրանն այդ ոլորտում կարևորագույն գործընկերներ են Թուրքիայի համար:
«Թուրքիան Իրանից ներմուծում է բնական գազ, և պատրաստվում է ավելացնել գնումների ծավալները»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Չավուշօղլուն հիշեցրել է, որ այդ երկրի հետ իրականացվում է կարևորագույն էներգետիկ նախագծերից մեկը՝ Տրանսանատոլիական խողովակաշարի շինարարությունը (TANAP):
Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ պաշտպանում է այդ հարցում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը, իսկ Հայաստանը պետք է հասկանա՝ ինչպես իրեն պահել հարևանների հետ:
«Մենք Հայաստանի առաջ պայման ենք դրել վերադարձնել օկուպացված տարածքները: Միայն դրանից հետո կարող են մեր հարաբերությունները կարգավորվել: Հայկական կողմի բացատրությունները մեզ համար ոչ մի նշանակություն չունեն»,- ասել է Չավուշօղլուն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ