Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային կինոկենտրոնի «նոր շունչը»

Դեկտեմբեր 20,2017 13:27

2017թ. ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հուլիսի 25-ի հրամանով Գևորգ Գևորգյանն ազատվեց «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։ Կինոկենտրոնի տնօրեն նշանակվեց «Հայկ» կինոստուդիայի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը: Շուշանիկ Միրզախանյանի հրամանով Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար, ֆիլմ-հանձնակատար նշանակվեց կինոպրոդյուսեր Արսեն Բաղդասարյանը:

Սեպտեմբերին Ազգային կինոկենտրոնում ստեղծվել է նոր Գեղարվեստական խորհուրդ, հետևյալ կազմով՝

Արսեն Բաղդասարյան  Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար, ֆիլմ-հանձնակատար

Հարություն Խաչատրյան Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր

Գարեգին Զաքոյան կինոգետ

Սուսաննա Հարությունյան  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ, կինոգետ

Անետա Երզնկյան Թատրոնի և կինոյի պետ. ինստիտուտի պրոռեկտոր, կինոգետ

Միքայել Ստամբոլցյան   կինոգետ

Արթուր Վարդիկյան  կինոգետ

Արմինե Հարությունյան անիմացիոն ֆիլմերի «Արտ-Ստեպ» ստուդիայի ղեկավար, պրոդյուսեր

Վահագն Տեր-Հակոբյան  կինոօպերատոր

Մհեր Մկրտչյան   կինոռեժիսոր

Հրանտ Մովսիսյան ռեժիսոր

Նոր նշանակումները սկսվեցին նախարարության խոստումներով այն մասին, որ կինոյի աջակցության պետական կառույցի՝ Ազգային կինոկենտրոնի աշխատանքը պետք է լինի թափանցիկ ու անաչառ: Օրերս Մշակույթի նախարարը հավաստիացրել էր, որ 2018թ. ֆինանսավորում ստանալու համար պետության աջակցությանը դիմած կինոնախագծերի մրցույթի փիչինգներին ներկա կլինեն նույնիսկ լրատվամիջոցները: Կինոկենտրոնի ղեկավարությունը և նորաստեղծ Գեղարվեստական խորհուրդը մեզ հետ զրույցում տեղեկացրեցին, որ գալիք տարի ֆինանսավորում ստանալու համար դիմած նախագծերի քննարկում դեռ չի եղել, քանի որ ընթացքի մեջ է չափորոշիչների հստակեցումը, Կինոկենտրոնի կանոնադրության մշակումը և Գեղ. խորհրդի գործառույթների և, առհասարակ, կինոյի պետական ֆինանսավորման մեխանիզմների մշակումը:

Մինչ նոր նախագծերի հայտերի քննարկումը, Կինոկենտրոնի նոր ղեկավարությունը պետք է որոշեր 2017 թվականին արտադրություն մտած, բայց չավարտված, ինչպես նաև անցողիկ՝ 2017-2018թթ. ֆիլմերի արտադրության և հետագա ֆինանսավորման հարցը: Որոնք են եղել այդ ֆիլմերը և ինչ որոշումներ են կայացվել՝ տեղեկատվություն չի հրապարակվել: Բացի այդ, քննարկվել են նաև ավելի վաղ արտադրված, բայց չավարտված ֆիլմեր՝ Հովհաննես Գալստյանի «Մետամորֆոզները», Արամ Շահբազյանի «Չնչիկը» և Միքայել Դովլաթյանի «Սողանքը»:

Քննարկվել է նաև բոլորովին նոր երկու կինոնախագիծ, որոնք չեն մասնակցել 2017թ. նախագծերի մրցույթին (հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է մայիսի վերջին) և չգիտես ինչպես՝ հայտնվել են Գեղխոհրդի սեղանին:

Առավոտը 2017թ.-ին տեղի ունեցած Գեղխորհրդի քննարկումների մասին զրուցել է Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի և Գեղխորհրդի անդամների հետ:

«Պետական գումար է ծախսվել, ֆիլմը մնացել է անավարտ, պետք է ելքեր գտնենք». Շուշանիկ Միրզախանյան


– Տիկին Միրզախանյան, Գեղխորհուրդը այս տարի աշնանն արդեն հավաքվել և քննարկել է անավարտ ֆիլմերը, որո՞նք են դրանք, ի՞նչ որոշումներ են կայացվել, շարունակվելու՞ են ֆինանսավորվել

–  Երբ ես ստանձնեցի Կինոկենտրոնի տնօրինությունը, տեսա, որ կան ֆիլմեր, որոնք չեն հանձնվել: Դրանց թվում կան ֆիլմ, որի նկարահանումները ավարտված են, մոնտաժված, ձայնադրման փուլն է մնացել, կա ֆիլմ, որ շատ քիչ է նկարված: Տարբեր վիճակներում են: Գեղխորհուրդը պետք է քննարկեր, թե ինչ փուլում են դրանցից յուրաքանչյուրը, որոնք են ունեցել համարտադրողների խնդիրներ և ինչպես կարող ենք լուծել այդ խնդիրը:

Օրինակ, Արամ Շահբազյանի «Չնչինկ» ֆիլմը ձայնադրման, հետարտադրական խնդիր ունի: Պետական այդքան գումար է ծախսվել և նյութը լավն է: Գեղխորհուրդը դիտել է ֆիլմը, դրական եզրակացություն տվել, աշխատանքներն ավարտելու համար որոշումը ունենք:

Մյուս անավարտ ֆիլմը՝ Մ. Դովլաթյանի «Սողանքը», նույնպես արժանացել է Գեղխորհրդի հավանությանը, ֆիլմն ավարտելու համար մնացել են հատուկ էֆեկտների աշխատանքները:

Գեղխորհուրդը քննարկեց նաև Հովհաննես Գալստյանի «Մետամորֆոզներ» ֆիլմի խնդիրները՝ հասկանալու համար, թե ուր է ֆիլմը և ինչ պատճառներով է անավարտ մնացել: Հովհաննես Գալստյանը հավաստիացրեց, որ նկարահանված նյութը կա, որ նա ունի համարտադրողներ և սպասում է ֆինանսավորման: Նա խոստացավ, որ կբերի նկարահանված ֆիլմը: Ես սպասում եմ:

«Արժեքավոր անավարտ ֆիլմերը պիտի ֆինանսավորվեն և ավարտվեն, վատ ֆիլմերի վրա այլևս պետական գումար չպիտի ծախսվի». Հարություն Խաչատրյան

– Պարոն Խաչատրյան, ի՞նչ սկզբունքով է Գեղխորհուրդը որոշում շարունակել անավարտ ֆիլմերի ֆինանսավորումը

– Մի էսպիսի կեղծ բան կա՝ ասում են՝ համարտադրող ունենք, մի հասարակ նամակ-համաձայնագիր են բերում, պետությանը էդպես հարիֆացնում են: Նախագիծը մտնում է արտադրություն, հետո ֆիլմի կեսը նկարում են, գալիս ասում են՝ համարտադրողները հրաժարվեցին գումար տալ, կամ փող տվեք ֆիլմը վերջացնենք, կամ՝ ֆիլմը մնում է էդպես կիսատ: Այդպես ֆիլմի ողջ արտադրությունը մնում է պետության վրա: Համարտադրողները գիտեն, որ Հայաստանի կողմը իրենց դատի չի տա, որովհետև էդ դատարավարության ծախսերը ավելի շատ կլինեն, քան ամբողջ ֆիլմի բյուջեն: Մարդիկ կան իրար վրա 15 հայտ են տալիս, բայց մի ֆիլմ էլ չեն ավարտել: Գեղխորհուրդը հոկտեմբերին հավաքվել էր: Միքայել Դովլաթյանի «Սողանքը» և Արամ Շահբազյանի «Չնչիկը» դիտեցինք և հավանություն տվեցինք, որ գումար տրամադրեն, ֆիլմերն ավարտեն: Բայց մենք խորհրդատվական մարմին ենք, որոշումը կայացնելու է կինոկենտրոնի ղեկավարությունը:

«Կարևոր է հասկանալ Կինոկենտրոնը ինչպե՞ս է պատրաստվում առաջ շարժվել». Սուսաննա Հարությունյան

–  Տիկին Հարությունյան, ի՞նչ սկզբունքով են ֆինանսավորվում Կինոկենտրոնից աջակցություն ստացած և չավարտված ֆիլմերը:

-Անավարտ ֆիլմերի հարցը մոտ օրերս՝ մինչև տարեվերջ, պետք է հստակեցվի, որոշում կայացվի՝ որն է ավարտվում: Ընդհանրապես, շատ կարևոր է հասկանալ Կինոկենտրոնը ինչպե՞ս է պատրաստվում առաջ շարժվել: Հին, անավարտ նախագծեր կան, դրանց մի մասը կարելի է փակել, եթե Կինոկենտրոնը պոտենցիալ չի տեսնում: Միևնույն ժամանակ, պետական մեծ գումարներ են ծախսվել, պետք է հաշվետվության և պատասխանատվության մեխանիզմ մշակել: Օրինակ, Հ. Գալստյանի «Մետամորֆոզներ» ֆիլմին պետությունը մոտ 90 միլիոն դրամ է հատկացրել և ընդամենը մի քանի րոպե տևողությամբ տեսաշար է ներկայացվել:

Կինոկենտրոնի նորակազմ Գեղխորհրդի 11 անդամներից ոչ բոլորն են ներկա գտնվել բոլոր քննարկումներին: Իսկ ներկա գտնվածներից էլ ոչ բոլորն են գործնականում կողմ քննարկումների հրապարակմանն ու թափանցիկությանը, ինչպես ցույց տվեց մեր զրույցը նրանց հետ:

«Ես բացակա եմ եղել». Վահագն Տեր-Հակոբյան

 

– Պարոն Տեր-Հակոբյան, ի՞նչ կարծիք է հայտնել Գեղխորհուրդը անավարտ ֆիլմերը քննարկելիս

– Ներքին խոհանոց է, չեմ կարող հրապարակել: Ֆիլմ կար, որ տեխնիկական պատճառներով է մնացել անավարտ, ֆիլմ կա՝ այլ պատճառներով: Բացի այդ, հում նյութով չես կարող հասկանալ՝ լիարժեք է ֆիլմը, թե ոչ: Քննարկումը տեղափոխվեց նոյեմբերի 28-ին, որին ես ներկա չեմ եղել:

Գեղխորհրդի անդամներից Միքայել Ստամբոլցյանը մեր հարցին հակիրճ պատասխանեց. «Ես արդեն դուրս եմ եկել Գեղխորհրդի կազմից, և զրուցել չեմ ուզում, մանավանդ, գեղխորհրդի քննարկումների մասին»:

«Մենք ֆիլմերի գեղարվեստական որակը առանձնապես չենք քննարկել». Արմինե Հարությունյան

– Տիկին Հարությունյան, անավարտ ֆիլմերի որակը բավարարու՞մ է պետությանը՝ շարունակելու համար դրանց ֆինանսավորումը:

-Մեզ բոլորիս զգուշացրել են, որ մինչև հայտերի վերջնական քննարկումը որևէ ինֆորմացիա չտանք: Անավարտ ֆիլմերը շատ են, մենք քննարկում, առաջարկում էինք, բայց որոշում երևի չի կայացվել, դա Կինոկենտրոնի տնօրենը կիմանա: Լավն են, վատն են, որոշել ենք, որ պիտի վերջացնեն: Մենք գեղարվեստական որակը առանձնապես չենք քննարկել: Քիչ գումարներ են պակաս՝ մեկին՝ ինը, մյուսին՝ վեց միլիոն: Որպեսզի տարիներով չմնա, գումար պետք է հատկացնենք, որ վերջանան, որովհետև դրանց վրա պետական գումարներ են դրվել:

«Ես հասկանում եմ, լրագրող եք և ուզում եք շատ բան իմանալ, բայց դուք չպետք է գերազանցեք ձեր իրավունքների սահմանը». Հրանտ Մովսիսյան

– Պարոն Մովսիսյան, նախարարն ասում էր, որ անավարտ մնացած և անորակ ֆիլմերը ֆինանսավորելը անիմաստ է, ո՞ր ֆիլմերին է գեղխորհուրդը հավանություն տվել շարունակել ֆինանսավորումն ու ավարտել

– Քննարկմանը Գեղխորհուրդը հետաքրքրվում էր՝ ինչու է տվյալ ֆիլմը մնացել անավարտ, երբ փաստաթղթերի համաձայն, պետք է ավարտված լիներ: Քննարկվում էր՝ որ ֆիլմն է ավելի հետաքրքիր իր կառուցվածքով, որը՝ անհետաքրքիր: Չեմ ուզում հիմա անուններ տալ: Դա շատ սխալ կլինի:

Բայց քանի որ Կինոկենտրոնի բյուջեում ավելացած գումարներ կային, Գեղխորհուրդը որոշեց հնարավորության սահմաններում ավարտել այդ ֆիլմերը և ներկայացնել հանրությանը:

–  Իսկ Գեղխորհուրդը չէ՞ր պահանջում հաշվետվություն ֆիլմերի անավարտ մնալու պատճառների մասին

– Անավարտ մնալու պատճառները տարբեր էին՝ հիմնական պատճառն այն էր, որ գումարները չէին բավականացրել: Մենք դիտում էինք միայն մեզ տրամադրած տեսանյութերը, ֆինանսական հարցերով ես չեմ զբաղվել: Հովհաննես Գալստյանը, օրինակ, ներկայացրել է փոքր, կիսամոնտաժված հատվածներ, սինոփսիսը (ես սինոփսիսն եմ տեսել, կարող է ինչ-որ մեկը սցենարն էլ է տեսել) և երեք հատ դրվագ ֆիլմից՝ երեքական րոպե տևողությամբ «սև» մոնտաժով, առանց ձայնի: Գեղխորհրդի կազմում իմ մասնակցությունը որպես ռեժիսոր է և իմ գնահատականը պետք է լիներ գեղարվեստական մասով:

– Իսկ Գեղխորհուրդը լիազորված չէ՞ պետական գումարների ծախսման վերահսկողության հարցում

– Ես հասկանում եմ, որ Դուք լրագրող եք և ուզում եք շատ բան իմանալ, բայց դուք չպետք է գերազանցեք ձեր իրավունքների սահմանը:

– Փաստորեն, երբ հարցը հասնում է պետական գումարների բաշխմանը, թափանցիկության պահանջը դառնում է «իրավունքների գերազանցու՞մ»

– Կարևորն այն է, որ Կինոկենտրոնը նոր շունչ է առնում և ուզում է հայկական կինոն դարձնել հետաքրքիր և կոմերցիոն:

 

Հաշվի առնելով նոր Գեղխորհրդի կազմում կինոարտադրության մեջ այս պահին ներգրավված պրոդյուսեր-ռեժիսորների ներկայությունը՝ Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանից հետաքրքրվեցինք՝ կա՞ն Գեղխորհրդի կազմում անդամներ, ովքեր մրցութային հայտեր ունեն: Պատասխանը միանշանակ «ոչ» էր

– Մհեր Մկրտչյանը, Արմինե Հարությունյանը ունեն անցողիկ նախագծեր, նրանց նախագծերը հաստատվել են մինչև իրենց՝ Գեղխորհրդի անդամ դառնալը: Մհեր Մկրտչյանի «Անխելք մարդը» նախագիծը արդեն արտադրություն մտած ֆիլմերի ցուցակում էր, երբ ես ստացել եմ կառույցի ղեկավարությունը: «Գոհար Գասպարյան» նախագիծը փոխարինվել է «Անխելք մարդը» նախագծով: Մեխանիզմը դա է՝ Գեղխորհրդի որոշում է լինում, մի նախագիծը մյուսով է փոխարինվում: Երևի այդպես է եղել, ես տեղյակ չեմ:

Գեղխորհրի անդամներից Հարություն Խաչատրյանը, որ մրցութային հայտ ուներ, հանել է իր նախագիծը: Խաչատրյանի կարծիքով, դա սկզբունքային հարց է.

– Կարծում եմ, մրցութային նախագծի հայտ ունեցող կինոգործիչը չպետք է լինի Գեղխորհրդի անդամ: Կամ, եթե Գեղխորհրդի կազմում է, իր հայտը պիտի հանի, որովհետև կարող է իր հայտի քննարկմանը չմասնակցել, բայց մյուսներին բացասական գնահատական տալ, որ իրենը մնա բարձր դիրքում: Արտադրության մեջ գտնվող կինոգործիչը մինչև չավարտի ֆիլմը և պրեմիերա չանի, չպիտի մասնակցի աշխատանքին:

Մամուլն անդրադարձել էր, որ Գեղխորհրդի ղեկավար, ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանը պետության աջակցությանը դիմած կինոնախագիծ ունի: Ավելին, Գեղխորհրդի քննարկմանը այդ նախագիծը հայտնվել է մրցույթից դուրս կարգավիճակում և միայն փաթեթի՝ ոչ լիարժեք լինելու պատճառով չի հաստատվել: Որոշվել է լրացումներ անելու ժամանակ տալ ու քննարկել այն նոր՝ 2018թ. նախագծերի հետ: Գեղխորհրդի անդամներից Արթուր Վարդիկյանի կարծիքով այս նախագիծը Մշակույթի նախարարության պատվերն է:

– Պարոն Վարդիկյան, Գեղխորհրդի համար պա՞րզ էր՝ ինչու է մրցութային հայտերից դուրս քննարկվում երկու նոր նախագիծ, ովքե՞ր էին ներկայացրել այդ նախագծերը:

– Մեկը կարճամետրաժ ֆիլմի նախագիծ էր՝ «Ցոլք» վերնագրով: Ներկայացրել էր Ռուբեն Դիշդիշյանը և պատրաստ էր տրամադրել ֆինանսավորման մի մասը, եթե Կինոկենտրոնը ֆինանսավորեր մյուս մասը: Բայց հայտը մերժվեց, որովհետև սցենարը Գեղխորհրդի կողմից հավանության չարժանացավ:

Մյուս նախագիծը կարծես Մշակույթի նախարարության պատվերն էր, դրանով զբաղվում էր Արսեն Բաղդասարյանը, բազմասերիանոց ֆիլմի նախագիծ էր: Գեղխորհուրդը առաջարկեց պրոդյուսերական փաթեթ կազմել և ներկայացնել: Հաջորդ հանդիպմանը այդ նախագիծը ներկայացրել էր «Կրեատիվ Արմենիա» կազմակերպությունը, կոչվում էր՝ «Թվային գերիներ», ոգեշնչված Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» վեպից: Սցենարը դեռ գրված չէ, ռեժիսոր չկա և նրանց պահանջած գումարը, ըստ Գեղխորհրդի, մեծ էր: «Կրեատիվ Արմենիան», ի դեպ, օրերս Թբիլիսիի կինոփառատոնում իր պրեզենտացիայի ժամանակ խոսեց այդ նախագծի մասին:

Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար, ֆիլմ-հանձնակատար, Գեղխորհրդի ղեկավար Արսեն Բաղդասարյանը հրաժարվեց հարցազրույցից՝ խոստանալով մոտ օրերս հրավիրել մամուլի ասուլիս: Իսկ Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հաստատեց երկու նախագծերի քննարկման փաստը

– «Թվային գերիներ» նախագիծը ներկայացրել է «Կրեատիվ Արմենիան»: Հայտը 2017թ. մերժվել է, ընդգրկվել է 2018թ. հայտերի մեջ, որ քննարկվի: Գեղխորհուրդը սցենար պահանջեց: Ոչ ռեժիսոր կար, ոչ սցենարիստ: Ասացինք՝ թող աշխատեն, նոր հայտերի մեջ մրցույթի մասնակցեն: Իդեան հետաքրքիր էր, դրա համար որոշում կայացրեցինք տեղափոխել նոր ցուցակի մեջ, որ ժամանակ ունենանք հասկանալ ինչ է հնարավոր անել:

Բացի այդ, ունենք 2017թ. ֆիլմեր, որ դեռ պիտի ավարտենք, ունենք 2017-2018թթ. անցողիկ ֆիլմեր, որ պետք է ֆինանսավորենք: Օրինակ, Ռուբեն Գևորգյանցի «Մայիսյան երկու շաբաթը», հասկանալի պատճառներով, այս տարի չի նկարահանվել: Ունեցանք ազատ գումարներ, որոնք պետք է մյուսներին տրամադրել: Շատ հայտեր կային նախկինում տրված և հայտատուները պնդում էին, որ նախորդ Գեղխորհուրդը ընդունել և խոստացել է 2018թ. ֆինանսավորել իրենց նախագծերը: Նոր հայտերի հետ այդ հայտերը ևս ներկայացվել են նոր Գեղխորհրդին և 2018թվականի մրցութային հայտերի քանակը 45 է:

Այս պահին մշակում ենք հայտերի ընդունման նոր կանոնակարգը: Կարծում եմ, կարող ենք տրամադրել նախագծի զարգացման մի փոքր գումար արտադրողին, թող գործընկերներ գտնեն, արտադրություն սկսեն, և եթե արտադրության ամբողջ փաթեթը պետության կողմից հաստատվի, մենք կշարունակենք ֆինանսավորումը: Կանոնակարգը որ մշակենք, շատ հարցեր պարզ կդառնան:

Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը խոստացավ մինչև տարեվերջ հրապարակել անավարտ ֆիլմերի վերաբերյալ որոշումը և 2017թ-2018թթ. անցողիկ ֆիլմերի նոր ցուցակը՝ ըստ նոր Գեղխորհրդի որոշման: Իսկ 2018թ. նոր մրցութային հայտերի քննարկման գործընթացը կանցկացվի բաց, թափանցիկ և հրապարակային:

շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Manvel Saribekyan says:

    Այս հոդվածում տրված պատասխաններից հետո էլ մի քանի նկատառումներ և հարցադիմումներ առաջացան ինձ մոտ:
    Իհարկե,մարզավիճակի պահպանման համար չի,որ հաճախակի եմ արձագանքում, այլ հասկանալու համար,թե որոշ սովորական մահկանացուներ,որոնց գործառույթները անքննելի չեն,ինչպես են իրենց բացատրությունները տալիս այս անհասկանալի իրավիճակի վերաբերյալ:
    ՛՛…գալիք տարի ֆինանսավորում ստանալու համար դիմած նախագծերի քննարկում դեռ չի եղել, քանի որ ընթացքի մեջ չափորոշիչների հստակեցումը, Կինոկենտրոնի կանոնադրության մշակումը և Գեղ. խորհրդի գործառույթների և, առհասարակ, կինոյի պետական ֆինանսավորման մեխանիզմների մշակումը:՛՛
    Մինչև հիմա գիտեմ,որ ուրբաթը շաբաթից հետո է լինում ընդհանրապես,բայց կարծես շատերի մոտ դա հակառակն է…
    Չեմ հասկանում,թեինչու մինչ հիմա չմշակվեց,կամ չվերամշակվեց Կինոկենտրոնի կանոնադրությունը, կանոնակարգը ,չսահմանվեց ՛՛այդ չափորոշիչները՛՛,դրանց իրականացման ՛՛մեխանիզմները՛՛,որ հիմա են փորձում անել,այն էլ ՛՛գեղ.խորհրդի՛՛ հետ քննարկելով?
    Կարծում եմ,որ ՛՛Գեղ խորհուրդը՛՛,այսինքն ՝ ավելի ճիշտ ՝ ՛՛փորձագետների խումբը՛՛, նման գործառույթներին,քննարկումներին իր մասնակցությունը չպետք է ունենա՝ բացարձագ,եթե իհարկե Կինոկենտրոնը արտադրող ստուդիա չէ այլևս:
    Մինչ նման ՛՛խորհրդի՛՛ հավաքագրելը պետք էր արդեն պատրաստ,հաստատված լիներ Կանոնակարգը՝ ներառված իրականացման մեխանիզմները,չափորոշիչները…
    ՛՛Մինչ նոր նախագծերի հայտերի քննարկումը, Կինոկենտրոնի նոր ղեկավարությունը պետք է որոշեր 2017 թվականին արտադրություն մտած, բայց չավարտված, ինչպես նաև անցողիկ՝ 2017-2018թթ. ֆիլմերի արտադրության և հետագա ֆինանսավորման հարցը:՛՛
    Նախ,որքան ասեկոսներից տեղյակ եմ / քանի,որ պաշտոնապես չի եղել նման տեղեկատվություն/ ,որոշվել էր,որ 2017թ.-ի բյուջեից պետական ֆինանսական աջակցություն կցուցաբերվի միայն այն ֆիլմերին,որոնք մինչ այդ,ընդունելի և բացարձակ չնդունելի պատճառներով չեն ավարտել աշխատանքները: Դա գիտեմ,որովհետև ինչպես Գևորգ Գևորգյանն էր ինձ տեղեկացրել,իմ ներկայացրած հայտը,որպես նոր ֆիլմի հայտ՝ այդ իսկ պատճառով չի դրվել 2017թ. քննարկմանը:
    Նախ,ոչ մի տեղ չկա ինֆորմացիա,թե 2017թ. բյուջեն ինչպես է բաշխվել,որ անավարտ ֆիլմերին են ցուցաբերել ֆինանս. աջակցություն և հետո՝որոնք են այդ նոր,2017թ.-ին արտադրություն մտած նախագծերը և ինչ հիմունքներով են նաև նրանց տրվել Պետական աջակցություն և որտեղ է հրապարակված այդ մասին?
    Մի անհասկանալի բան էլ. ինչ ասել ե բազմասերիանոց ֆիլմի պետական պատվերի հայտ է ներկայացվել մշակույթի նախարարության կողմից,որի համար էլ իր թանկարժեք և անշահախնդիր խորհրդատվությունն է իրականացնւմ Կինոկենտրոնի ՝ այպես ասած, ՛՛գեղ խորհրդի անդամը՛՛,որը միարժամանակ նաև պետական կառույցի,էլի այսպես ասած՝ ՛՛գեղարվեստական ղեկավար-հանձնակատարն՛՛ է?
    Կարծես 10 տարուց ավելին է,ինչ հետևում եմ կինոոլորտում պետության կողմից իրականացվող գործառույթներին և արդեն որ երրորդ անգամ է լսում եմ պետ.պատվերով ֆիլմերին ֆինանսավորելու մասին,որը երբեք նախապես չի հրապարակվել ոչ մի տեղ:
    Որքան գիտեմ,կա համապատասխան օրենսդրական կարգ՝ պետական պատվերները միայն մրցույթային կարգով իրականացնելու վերաբերյալ:
    Եթե նույնիսկ դեռ չկա Կինոյի մասին օրենք,ապա Պետ. պատվեր հասկացողությունը կինոչինովնիկները չպետք է իրականացնեն իրենց կաբինետներում,կամ ինչ,որ զանգերով ուղորդված,այլ պետք է իրականացնեն գործող օրենսդրությանը համապատասխան՝ այն է.մրցույթային կարգով՝ ազատ,թափանցիք:

    Ինչ վերաբերվում է նրան,որ ՛՛Գեղխորհուրդը՛՛ իր քննարկման արդյունքում տվեց համաձայնություն նույն հայտատուի կողմից, մի նախագիծը փոխարինել՝ լրիվ այլ թեմատիկայով մեկ այլ նախագծի,կամ անավարտ ֆիլմերի մասով խորհուրդը հաշվետվություն պետք է պահանջի,ապա ըստ իս, դա իր գործառույթներից դուրս պետք է լինի:
    Այդ լիազորությունները զուտ Կինոկենտրոնի ղեկավարության լիազորությունների սահմաններում պետք է մնա,որն էլ պետք է առաջնորդվի իր Կանոնակարգով և հայտատուի հետ կնքած պայմանագրի պահանջներին համաձայն:
    Կարծում եմ,՛՛Գեղխորհորդի՛՛ -՛՛Փորձագետների հանձնախմբի՛՛ մասնակցությունը, պետք է սահմանափակվի միայն՝ նախագծերի վերաբերյալ իրենց եզրակացությունները Կինոկենտրոնի ղեկավարությանը ներկայացնելու գործառույթներով:
    Իսկ ֆիլմի հայտի փաթեթում ներկայացված բյուջեի մասին փաստաթղթի իրատեսական լինելը, համատեղ արտադրողների, աջակիցների հավաստիագրերի արժանահավատությունը ,ինչպես նաև Պետական ֆինանսական աջակցության չափի սահմանումը ՝ պետք որոշվի Կինոկենտրոնը կողմից՝ իր մասնագետ-աշխատակիցների փորձաքննություններից հետո:
    Իհարկե,այս բոլորը պետք է նախատեսվի Կինոկենտրոնի Կանոնակարգում:
    Ավարտելով ասելիքս,նորից եմ կոչ անում. եկեք,նախաձեռնեք այս թեմաներին վերաբերվող քննարկումներ՝ ֆիլմ արտադրող կազմակերպությունների,արդեն ստեղծված Գիլդիաների մասնակցությամբ:
    Ինչու չէ,թեկուզ բանավեճեր թող լինեն,բայց գոնե կլոր սեղանի շուրջը,որպեսզի նման ձևաչափով ամեն անգամ չվերլուծենք,կամ մեկնաբանենք այս

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031