Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի՝ Արցախում զոհված ազատամարտիկ Գագիկ Շահինյանի անվան միջնակարգ դպրոցն անմխիթար վիճակում է գտնվում։
Դպրոցի 108 աշակերտները հանրակրթական ուսուցումը ստանում են 30 տարի առաջ կառուցված շենքում, ուր մինչև օրս չի այցելել ոչ մի պետական եւ մարզային պաշտոնյա՝ ծանոթանալու դպրոցի բազմաթիվ խնդիրներին։ Այս մասին «Փաստին» ահազանգեցին ծնողները։
Նրանց պատմելով՝ անձրևների և ձնհալի ժամանակ աշակերտները դասերն անց են կացնում դույլերի մեջ կաթկթացող ջրի ականջ սղոցող ձայների տակ։ Ավելի վտանգված է համակարգչային դասասենյակի վիճակը, որտեղ խոնավությունից մտավախություն կա, որ շարքից դուրս կգան դժվարությամբ ձեռք բերված համակարգիչները։
Քանդված է նաև դպրոցի մանրահատակը։ Պատուհանների ճեղքերից էլ քամի է փչում։ Ստիպված պոլիէթիլենային ծածկով են պատուհանները փակում։ Ծնողները կոչ են անում ուշադրություն դարձնել դպրոցին։
Տնօրեն Շողիկ Գևորգյանի խոսքով՝ կուտակված խնդիրներն այդպես էլ տարիներով լուծված չեն։ Այս ընթացքում միայն կարողացել են տանիքը մասնակի վերանորոգել։ Տանիքի ջարդված ազբոշիֆերները փոխարինել են նոր թիթեղներով։
Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում