Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զավեշտ եւ վրիպում՝ ԱԺ-ում. «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքները բոյկոտել են նիստը մի օրենքի համար, որը դեռ չի քննարկվել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2017 12:15

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ ԱԺ-ում Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի քվեարկության ժամանակ արտառոց իրավիճակ ստեղծվեց եւ «Ելքը» լքեց նիստերի դահլիճը: Խմբակցությունը պահանջում էր, որ նորից քվեարկեն սահմանադրական այդ օրենքը, քանի որ քվեարկության արդյունքներով այն չէր անցել, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը սխալմամբ կողմ է քվեարկել, բայց միանում է խմբակցության դիրքորոշմանը եւ չի ուզում մասնակցել:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ անընդունելի է քաղաքական մեծամասնության այդ պահվածքը՝ անցկացնել օրենքը, երբ համապատասխան ձայներ չեն ապահովել: Էնֆիաջյանը հրապարակեց Նապոլեոն Ազիզյանի գրավոր դիմումը, որտեղ նա գրել է, որ քարտուղարությանը ներկայացրել է իր դիրքորոշումը: Այն կոճակը, որը սեղմել է, եղել է տեխնիկական սխալ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները նույնպես բոյկոտեցին արտահերթ նիստը: Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատասխանեց, որ իրենք շարժվել են ԱԺ կանոնակարգ օրենքով: Նապոլեոն Ազիզյանը այդ պահին չի հայտարարել, որ սխալմամբ է քվեարկել:

Ավելի ուշ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը իր զարմանքը հայտնեց, որ պատգամավորները աղմուկ են բարձրացրել մի օրենքի նախագծի կարգավորումների շուրջ, որը քվեարկվող օրենքում չի եղել: Նրա խոսքով՝ «Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունենում այս դահլիճում եւ մարդիկ չեն իմանում, թե որ օրենքի նախագծին են քվեարկում: Ես խորապես համոզված եմ, որ այն օրենքը, որը քվեարկվել է, սահմանադրական չի, սահմանադրական է այն օրենքը, որ ես հիմա ներկայացնելու եմ»:

Դավիթ Հարությունյանը նոր միայն զեկուցում է առաջին ընթերցմամբ այն օրենքը, որի դեմ բողոքել եւ բոյկոտել են պատգամավորները: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահն ինքը հայտարարեց, որ դա սահմանադրական օրենք է եւ համապատասխան ձայներ պետք է ապահովեն, որ օրենսգիրքն ընդունվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031