Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրեն Քրմոյան. «Մեզ համար հաճելի չէ խոսել, որ ձերբակալվում են համապատասխան պաշտոնատար անձինք». «Հրապարակ»

Դեկտեմբեր 20,2017 12:13

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախորդ շաբաթ կառավարության նիստում հանձնարարեց հակակոռուպցիոն նոր ռազմավարություն մշակել։ Ու դրա համար սահմանեց ժամկետ՝ 30 օր, որ առաջարկություններ ներկայացնեն դրա վերաբերյալ, արդարադատության նախարարությանն էլ հանձնարարեց հավաքագրել տարբեր ոլորտներում առկա խնդիրները։

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ գործող ռազմավարությունը, որ ընդունվել էր Հովիկ Աբրահամյանի օրոք, դեռ պետք է իրագործվի մինչեւ 2018-ի դեկտեմբեր։

-Սերժ Սարգսյանի ելույթը՝ ՏԻՄ-երին նվիրված, որ համայնքապետեր կան՝ բնակչության փողերը տանում են տուն, ըստ էության, գնահատական չէ՞ այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարն այս տարիներին արդյունք չի տվել։

-Տեսեք, ամբողջ մեր հակակոռուպցիոն համակարգը պետք է գնահատել դինամիկայով։ Եթե մենք դինամիկայով դիտարկում ենք, տեսնում ենք, որ իրոք տեղաշարժ կա։ Եվ դա ասում են ոչ միայն պետական մարմինները, այլեւ ՀԿ-ները։ Իրենք, իհարկե, ասում են՝ արդյունքները դեռեւս բավարար չեն, մեզ էլ բավարար չեն։ Բայց, այդուհանդերձ, եթե մենք գնահատում ենք, թե նախորդ տարի ինչ ենք արել, այս տարի ինչ ենք անում, այս քայլերը պարտադիր իրենց արդյունքները կտան։ Մենք ուզում ենք ֆիքսել, որ քայլերը՝ նույն քաղաքական կամքի դրսեւորումը, որը կլինի հայտարարությունների ձեւով, որը կլինի հանձնարարականների ու դրանք ստուգելու ձեւով, դա էլ է շատ կարեւոր, որովհետեւ այս ամբողջ պրոցեսում ամենակարեւոր խնդիրը քաղաքական կամքն է։ Տես, ասում են՝ չէին ստեղծում մարմին, հիմա ստեղծեցինք, ապօրինի հարստացման մասին տարիներ շարունակ ՀԿ-ներն ասում էին, հիմա դա էլ է արվել։

-Բայց դա, ցավոք սրտի, ապօրինի հարստացածներին չի վերաբերում, այլ ապագա հարստացողների մասին է։

-Բայց ինչ-որ մի պահի պետք է այդ լուծումը տայի՞նք օրենսդրությամբ։ Ապօրինի հարստացածների համար, ուզում եմ հիշեցնել, կան Քրեական օրենսգրքի բազմաթիվ այլ հոդվածներ, այդ թվում՝ կաշառք տալը, կաշառք վերցնելը, պաշտոնական լիազորությունների չարաշահումը։ Եվ դրանք գործում էին նաեւ նախկինում։

-Ձեր ասածը վկայում է այն մասին, որ իշխանությունները մինչ այս պահը քաղաքական կամք չեն դրսեւորել ապօրինի հարստացածներին պատժելու ուղղությամբ։

-Մի հատ վիճակագրությունը վերցրեք ու տեսեք՝ ինչ քրեական գործեր կան հարուցված, ինչ ռանգի պաշտոնատար անձինք են այդ քրեական գործերով ձերբակալվել, կալանավորվել․․․

-Մեկ-երկու դատավոր, մի քանի վարչության պետ։ Մանր ու միջին չինովնիկներից ավելի չի բարձրանում կալիբրը։

-Դինամիկան նայեք, հետ գնացեք, կտեսնեք, նախկինում եւ հիմա պրոցես է գնում, եւ էդ պրոցեսն իր արդյունքները տվել է եւ տալու է։ Մեզ համար հաճելի չէ խոսել, որ ձերբակալվում են համապատասխան պաշտոնատար անձինք, բայց մեզ համար տեսանելի է, որ առնվազն այս պահից կամ հուլիսից սկսած՝ մենք ունենք ապօրինի հարստացման քրեականացում, որն իր արդյունքը պետք է տա։ Մենք ունենք ազդարարման համակարգ, որը թույլ է տալու առանց որեւէ ռիսկի էլեկտրոնային եղանակով ազդարարել, որը, կարծում ենք, ամենաէֆեկտիվն է լինելու կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ անանուն ինֆորմացիա տրամադրելու հարցում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031