Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ եւ վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Դուք իրականացնում եք կարեւոր ծառայություն, որի արդյունավետությունից է նաեւ կախված ազգային անվտանգության, հասարակության եւ պետության շահերի պաշտպանության, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության ապահովումը: Բարձր մակարդակի վրա է գտնվում պաշտպանության նախարարության հետ ձեր համագործակցությունը՝ ուղղված պետության սահմանների պաշտպանությանը:
Արցախի քաղաքացին պետք է վստահ լինի, որ ապրում է ապահով ու անվտանգ երկրում: Եվ այդ գործում մեծ է հատկապես ազգային անվտանգության համակարգի դերակատարությունը, ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու մարդկային բարձր որակները:
Ձեր գործառույթների հաջող իրականացման նպատակով պետությունը հետեւողական աշխատանք է տանում կառույցը ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով հագեցնելու, ծառայողների աշխատանքային եւ սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ: Այս քաղաքականությունը կկրի շարունակական բնույթ:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր պատասխանատու ծառայության մեջ»:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ