Լրահոս
Օրվա լրահոսը

Արտառոց իրավիճակ՝ ԱԺ-ում. «Ելքի» պատգամավորները հարվածում են սեղաններին, աղմուկ անում եւ բողոքում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2017 11:53

ԱԺ նիստում արտառոց իրավիճակ է, ծափեր եւ հիասթափություն, որը վերածվեց վիճաբանության:

ԱԺ նախագահը հայտարարեց, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք՝ Դատական օրենսգիրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն ընդունվելու համար անհրաժեշտ է ապահովել պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն 3/5-րդ-ի կողմ քվեարկությունը:

ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն էլ հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ է այս կարգավորմանը եւ կրկնեց այն, ինչ ասել էր երեկ քննարկման ժամանակ: Նա հայտարարեց, որ այնուամենայնիվ կողմ կքվեարկի՝ պայմանով, որ երկրորդ ընթերցման ժամանակ իր մտահոգությունները կփարատեն:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին, որ եթե դեմ են, ավելի լավ է չմասնակցեն քվեարկությանը, այդ դեպքում նախագիծը չի անցնի: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ պատասխանեց, որ իրենք համաձայն են չմասնակցել, որ նախագիծը չանցնի. «Բոլորս էլ գիտենք, որ ՀՀ դատավարական օրենսդրությունը ձեւականորեն հռչակում է կողմերի իրավահավասարություն, բայց նրանք փաստացի անհավասար դիրքում են: Նախագծով ավելի խոցելի կդառնա փաստաբանական կողմը, ես առաջարկում եմ չմասնակցել քվեարկությանը»:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ էլեկտրոնային համակարգը փաստեց՝ որոշումը չի ընդունվել: Դահլիճում հնչեցին ծափեր, ուրախության ճիչ, բայց ուրախությունը կարճ տեւեց:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ Մախսուդյանը կողմ է քվեարկել, կոճակը չի աշխատել, բացի այդ, Արփինե Հովհաննիսյանն էլ բացակայում է, բայց ասել է, որ կողմ է: Նիկոլ Փաշինյանը տեղից բղավում էր, բողոքում:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բարկացավ. «Որոշումն ընդունվել է, վերջ, ոչ մեկ ոչ մի բան չի հայտարարում»: Փաշինյանն արձագանքեց, որ անհասկանալի է՝ ո՞նց կարող է Կոստանյանը սկզբունքորեն դեմ լինի օրենքին, բայց կողմ քվեարկի:

Ավելի ուշ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ ինքը դեմ չի օրենքին, դեմ է կոնկրետ կարգավորմանը, որը շտկվելու է:

«Ելքից» Արարատ Միրզոյանը պարզաբանեց՝ խնդիրն այն է, որ «Ծառուկյան» դաշինքից Նապոլեոն Ազիզյանը հայտարարում է, որ ինքը սխալմամբ կողմ է քվեարկել, հաշվի չեն առնում իր ասածը: Եթե նա էլ դեմ է, օրենքը չի անցնում. «Սա ակնհայտ ապօրինություն է, չի կարելի սենց բան անել»:

Պատգամավորներն աղմկում էին, պահանջում էին կրկնել քվեարկությունը: Արտակ Զեյնալյանն էլ հավելեց, որ Արփինե Հովհաննիսյանի ձայնն էլ չեն կարող հավելեն, նա այստեղ չի եղել արտահերթ նիստի ժամանակ առհասարակ, էլեկտրոնային ստորագրությամբ չի իր նամակը, նախօրոք բացված է:

Նիկոլ Փաշինյանը եւ «Ելքի» պատգամավորները սկսեցին ձեռքերով հարվածել ԱԺ-ի սեղաններին եւ աղմուկ բարձրացնել՝ իրենց պահանջը կատարելու համար:

Բաբլոյանը, հաշվի չառնելով՝ անցավ մյուս նախագծերի քվեարկությանը, իսկ «Ելքի» պատգամավորները լքեցին դահլիճը:

Փաշինյանը գնալուց առաջ հայտարարեց, որ մեծամասնությունը «սղացրեց» Սահմանադրական օրենքը, իսկ իրենց հայտարարությունները բարեփոխումների մասին հերթական կենացներ են եւ կոմեդիա, իրենք էլ դուրս են գալիս՝ «կոմեդիային չմասնակցելու համար»:

«Ելքից» հետո նիստերի դահլիճից ինչ-ինչ գործով դուրս էր գալիս նաեւ Արմեն Աշոտյանը: Սեյրան Սարոյանը կատակեց. «Աշոտյան, դո՞ւ ուր ես գնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031