Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չտեսնել մաքսավորի աչքերը

Դեկտեմբեր 20,2017 10:12

2020 թվականից սկսած՝ եթե ես պատվիրեմ, ասենք, 250 եվրո արժողությամբ հեռախոս, ապա ստիպված եմ լինելու գնալ օդանավակայան եւ շփվել կաշառակեր մաքսավորների հետ, որոնք, հնարավոր է, ինձ 20 անգամ տանեն-բերեն՝ մինչեւ որ ես նրանց կաշառքը չտամ: Ըստ ԵԱՏՄ-ի պահանջների` փոստում ինձ հարմար ձեւով ես կկարողանամ ստանալ համացանցով ձեռք բերած մինչեւ 200 եվրոյի ապրանք՝ մեկ օրվա կտրվածքով: Ճիշտն ասած, ինձ հուզում է ոչ այնքան օդանավակայան քշելը եւ նույնիսկ ոչ այնքան մաքսատուրք մուծելը, որքան մաքսավորների «վազվզող» աչքերը տեսնելը՝ աչքեր, որոնք արտացոլում են ուղեղի աշխատանքը, իսկ ուղեղներում որեւէ այլ բան չկա, բացի հաճախորդներից մի քանի կոպեկ կաշառք փախցնելուց:

Ըստ այդմ, բարեփոխումները, կարծում եմ, պետք է ընթանան երեք ուղղություններով: Նախ՝ պետք է զարգացնել համացանցային առեւտուրը եւ քաղաքացիների համար հարմարություններ ստեղծել, ոչ թե խոչընդոտներ հարուցել: Հիմա արդեն պարզ է, որ համացանցով տաքսի կանչելը, ուտելիք, համերգի, գնացքի, ինքնաթիռի տոմս, հյուրանոցի համար պատվիրելն ավելի հարմար է եւ էժան, քան բոլոր մնացած ձեւերով: Նույնը՝ հեռախոսները, համակարգիչները, մեքենաների պահեստամասերը եւ մնացածը համացանցով պատվիրելը շատ ավելի ձեռնտու է, քան Հայաստանում խանութից գնելը: Շեմը, հետեւաբար, պետք է բարձրացնել մինչեւ 1000 դոլար: Շեմ, անշուշտ, պետք է լինի՝ մի բան է, երբ ես պահեստամաս եմ գնում իմ ավտոմեքենայի համար, մեկ այլ բան է, երբ ես զբաղվում եմ պահեստամասերի բիզնեսով:

Երկրորդ ուղղություն է, կարծում եմ, մաքսատուրքերը նույնպես ամբողջովին դարձնել համացանցային, որպեսզի ես on-line առեւտրի դեպքում կարողանամ տանը նստած մաքսազերծել ապրանքս եւ դարձյալ այն ստանամ փոստից: Դա ինձ կազատի մաքսավորների հետ տհաճ հանդիպումներից:

Երրորդ եւ ամենակարեւոր ուղղությունը հասարակության վերափոխումն է: Խորհրդային (եվրասիական) սովորության համաձայն` մենք կարծում ենք, որ պետության պաշտոնյան, տվյալ դեպքում՝ մաքսավորը, ոչ թե ծառայություն է մեզ մատուցում, այլ ինչ-որ «իշխանավոր է», որի հետ պարտադիր պետք է «լեզու գտնել»: Իրականում նրան հաճոյանալու անհրաժեշտություն ամենեւին չկա՝ նա պարտավոր է իր գործն անել, եւ եթե չի անում, պետք է անհապաղ բողոքել նրա դեմ ու հասնել նրան, որ նա պատժվի: Պետք չէ վախենալ «վատամարդ դուրս գալուց» եւ «գործ տալուց»՝ հենց որ տեսնում եք, որ պաշտոնյան սկսում է ձեզ տանել-բերել, միանգամից խոսեք նրա հետ օրենքի լեզվով: Դրա համար, իհարկե, պետք է բավականաչափ գրագետ լինել եւ օրենքն իմանալ:
…Համացանցային առեւտուր անելուց էլ պետք է զգույշ լինել: Այստեղ կան որոշակի «ապահովագրական միջոցներ»: Բայց դրանց մասին՝ մեկ ուրիշ անգամ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Քո աչերն են մեղավոր…

    Չտեսնել մաքսավորի աչերը
    Չխմել նրա հետ թրմօղի,
    Ախ՜, ինչու՞ են ինձ այս մտքերը
    Տանջում, հալածում յուրովի…
    (Մաքսանենգի հիշատակարանը…)

  2. Լավատես says:

    Մասնավոր ծառայությունը պետական ծառայությունից տարբերվում է նրանով, որ մասնավորը չի կարող մենաշնորհ լինել, մենաշնորհ լինելու իրավունք ունի միմիայն պետական կառույցը: Պետական մենաշնորհը սեփական մասնավոր նպատակների համար օգտագործելու գայթակղությանը ամեն սովորական մարդ չի որ կարող է դիմանալ, դրա համար պետական ծառայողը պետք է անցնի լուրջ մասնագիտական պատրաստվածություն, ստանա պետական ծառայողի իրավունք, իսկ պետությունը պետք է ունենա շատ լուրջ սեփական անվտանգության ծառայություն, որը կհայտնաբերի իր շարքերում շեղված կամ հակապետական ուժերի կողմից ներդրված պետական կարգազանցներին ու դավաճաններին: Կարճ ասած՝ իսկական պետական ծառայողը իր սեփականը մասնավորը շահերը դնում է պետության զոհասեղանին, իսկ ստից կաշառակեր պետական ծառայողը պետությունն է դնում իր մասնավոր սեփական շահերի զոհասեղանին:

  3. Նորիկ says:

    Լավն էր։Դաբռոն տվեցի))))Երրորդ կետը,շատ նման ա անցումով անցնող հետոիտնի պատմությանը,ով ձեռքը վեր բարձարացնելով շնորհակալություն ա հայտնում իրեն զիջող վարորդին։

  4. Ruben says:

    Փակեք արտաբյուջետային հիմնադրամները (ֆոնդերը) եւ գումարները (եկամուտները) ներմուծեք բյուջե:
    Հիմնադրամներին արգելել զբաղվել առեւտրային (կոմերցիոն) գործունեությամբ, իսկ եթե զբաղվում են՝ ստիպել վճարել հարկերը:
    Կառավարության ստացած (արտերկրից) վարկերից չվճարել աշխատավարձ պետական պաշտոնատար անձանց, ծառայողներին եւ սպասարկող անձնակազմին:
    Օֆշորային ֆինանսական հաստատություններից վերադարձրեք (բանկերից եւ այլն) արտահանված արժույթը եւ թանկարժեք մետաղները…

  5. Աշոտ says:

    Չափազանցում եք. մաքսավորներին սովորաբար կաշառք են վճարում, երբ ցանկանում են ավելի ցածր հարկեր վճարեն քան օրենքը նախատեսումա տվյալ դեպքում.
    Ասենք Ձեր 250եվրոյանոց հեռախոսը գնահատեն 80եվրո.
    Եթե օրենքը հարգում եք խնդիր չեք ունենա.

    Իմ կարծիքով էտ շեմը պիտի լինի 0, ընդանրապես ցանկացած այլ երկրից ներմուծված ապրանքի համար կապ չունի օնլայն թե օֆլայն պիտի հարկ վճարվի.
    Հակառակ դեպքում տեղի խանութը կամ արտադրողը անհավասար պայմաններումա հայտնվում դրսի օնլայն խանութի հետ.
    Ներսի խանութում եթե գնում եք անգամ Ձեր անձնական կարիքի համար միևնույննա հարկը վճարում եք ներառվածա ապրանքի գնի մեջ.
    Բացի դա հեշտ չի որոշել անձնական կարիքի համարա թե այնուամենայնիվ վաճառելու համար.
    Ինչքան շեմը բարձր լինի էդքան չարաշահելու շանսերը ավելի մեծ են.

    Իդեալական լուծում կլինի, եթե դրսի խանութը գրանցվի Հայաստանում ու ինքը Ձեր փոխարեն հարկերը վճարի.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031