Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայերի ներդրումային գործունեության հիմնական խոչընդոտը բիզնես վարման մշակութի տարբերություններն են

Դեկտեմբեր 20,2017 15:00

Սփյուռքահայ ձեռներեցները՝ Հայաստանում

Սփյուռքահայերի ներդրումային գործունեության առանձնահատկությունները Հայաստանում եւ նրանց գործարարության ձեւավորմանը նպաստող պայմանները, ինչպես նաեւ սփյուռքահայ գործարարների կերպարն ու նրանց գործունեության շարժառիթները մեդիայում բացահայտելու նպատակով «Սփյուռքահայ ձեռներեցները՝ Հայաստանում. գործունեության փորձը, խնդիրներն ու հեռանկարները» ծրագրի շրջանակներում իրականացվել է հետազոտություն: Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի կողմից 2016-2017թթ., կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ: Ծրագրի հեղինակը եւ ղեկավարը պ.գ.դ. Ռուբեն Կարապետյանն է: Հետազոտությունը պարզել է, որ արտերկրի հայազգի գործարարների՝ Հայաստանի տնտեսական կյանքում մասնակցության խթաններից մեկը նրանց էթնիկ ինքնագիտակցությունն է:

Ըստ հեղինակի՝ «առհասարակ տնտեսության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում արտասահմանից կատարվող ներդրումները: Հայաստանում, որպես օտարերկրյա ներդրում, առանձնակի նշանակություն ունեն Սփյուռքի ներդրումները: Սակայն անհրաժեշտություն կա բացահայտելու սփյուռքահայ գործարարների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու էթնոսոցիալական գործոնները (ի լրումն ֆինանսատնտեսականի): Այն հանգամանքը, որ չնայած մի շարք խոչընդոտների՝ Սփյուռքի գործարար շրջանակների մի մասն ակտիվություն է ցուցաբերում եւ Հայաստանում բիզնեսի հնարավորություն է գտնում, վկայում է այդ գործունեության որոշակի ոչ տնտեսական շարժառիթների մասին»:

Միաժամանակ հետազոտության հեղինակը փաստում է, որ Սփյուռքի այդ հատվածի տնտեսվարման փորձի, գիտելիքների, աշխատանքային բազմազան հմտությունների եւ կարողությունների, ինչպես նաեւ բիզնես կապերի օգտագործումը ժամանակին եւ ըստ նշանակության շատ արդիական է Հայաստանի համար:

Ինչպես ցույց են տվել հետազոտության արդյունքները, Հայաստանում սփյուռքահայերի կողմից ներդրումներ իրականացնելու կարեւոր դրդապատճառը հուզական վերաբերմունքն է Հայաստանի հանդեպ, իսկ ներդրումային գործունեության հիմնական խոչընդոտը բիզնես վարման մշակութի տարբերություններն են. «Սփյուռքահայ ներդրողները, բախվելով տեղական բիզնես միջավայրին, ինտեգրվելով դրան կամ հակառակը, իրենց հերթին ներմուծում են այլ մշակույթ: Դա ընձեռում է ձեռնարկատիրական այլընտրանքային գործունեության հնարավորություն եւ բազմազանեցնում է ՀՀ բիզնես միջավայրը: Հայաստանն իր հերթին փորձում է նպաստել եւ խրախուսել Սփյուռքի ներգրավմանը տնտեսության մեջ»:

Ինչպես հեղինակն է նշում, ներգրավման քաղաքականության մեջ, ի թիվս այլ միջոցների, կարեւոր է նաեւ մեդիայի դերը: ԶԼՄ-ների միջոցով Հայաստանում եւ Սփյուռքում կարող է ձեւավորվել պատկերացում Հայաստանի ներդրումային միջավայրի եւ սփյուռքահայերի դերի մասին եւ կարծրատիպեր սփյուռքահայ գործարարների կերպարի ու գործարարության հայաստանյան խոչընդոտների վերաբերյալ: Հայաստանյան մեդիայում ներգրավման քաղաքականության նման դրսեւորումների, ինչպես նաեւ սփյուռքահայ գործարարների կերպարի, նրանց գործունեության շարժառիթների ուսումնասիրության նպատակով իրականացվել է Հայաստանում Սփյուռքի ներդրումների եւ սփյուռքահայ գործարարների մասին առցանց ԶԼՄ-ների վերլուծություն: Ուսումնասիրվել է չորս առցանց ԶԼՄ` 1in.am, news.am, tert.am, aravot.am, մեկ տարվա՝ 2016թ.-ի կտրվածքով:
«ԶԼՄ հրապարակումների միջոցով մի կողմից՝ մատնանշվում է Սփյուռքի տնտեսական մեծ ներուժը եւ ցույց է տրվում Հայաստանի իշխանությունների ակնկալիքները՝ ներգրավելու այն երկրի տնտեսության մեջ, մյուս կողմից՝ ներդրումային միջավայրի եւ բիզնեսի պայմանների մասին հավաստիացումները վստահություն չեն ներշնչում Սփյուռքի ներդրողների համար: Հայրենիքի զարգացմանը նպաստող ներդրումների ներգրավումը առավելապես ներկայացվում է զգայական մոտիվների հիմնավորմամբ: Սփյուռքի ներգրավման քաղաքականությունը ներկայացվում է միակողմանի՝ դեպի Հայաստան, եւ մեկ գործոնով՝ ֆինանսական կապիտալով, ինչը սփյուռքահայերի մեջ կարող է առաջացնել անվստահություն: Սփյուռքահայերն իրենց հերթին առաջ են քաշում վստահության եւ երաշխիքների խնդիրներ (ընդհանրապես, սփյուռքահայերի տեսակետներն անհամեմատ քիչ են ներկայացվում): Ընդհանուր առմամբ Սփյուռքի ներդրումների մասին հրապարակումների մեծամասնությունը մտադրություն կամ հայտարարություն են, քան իրական գործունեություն, իսկ դրանց կարեւորության մասին նյութերն առավելապես ներկայացնում են կոչեր կամ խնդրանք Սփյուռքին՝ ներդրումներ կատարելու հայրենիքում»,- նշում է հետազոտության հեղինակը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

19.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031