Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքացին վեց տարվա թոշակը չի կարողանում ստանալ

Դեկտեմբեր 20,2017 14:30

Օրենքը հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու պարագայում նախատեսում է կենսաթոշակի իրավունքի դադարեցում, սակայն չի սահմանում բացառություններ, ինչպիսիք կարող են լինել կենսաթոշակ չստանալու տարատեսակ օբյեկտիվ պատճառները:

Հասմիկ Ենգոյանը. 2016թ. մայիսին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության դեմ:

Հ. Ենգոյանը մինչ դատարան դիմելը Սոցիալական ապահովության պետական ծառայության Մարտունու տարածքային բաժնին խնդրել էր, որպեսզի նախորդ տարիների իր չստացած կենսաթոշակը ստանա, քանի որ առողջական վիճակի պատճառով չի կարողացել վերադառնալ Հայաստան եւ բուժում է ստացել Ուկրաինայի Հանրապետությունում։ Կենսաթոշակայինը մերժել էր: Թոշակառուն հայտնել է իր անհամաձայնությունը տարածքային ծառայության պատասխանի հետ եւ ցանկանում է ստանալ նաեւ նախորդ տարիների իր չստացած կենսաթոշակը, որն իր սեփականությունն է։
Հ. Ենգոյանը դատարանից խնդրում է, որպեսզի պարտավորեցնի պատկան մարմիններին իր՝ 01.07.2009-31.11.2015թթ. ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակը վճարեն:
Վարչական դատարանում անդրանիկ դատաքննության նիստը նշանակվել էր 2016թ. սեպտեմբերի 19-ին: Մինչ օրս քաղաքացու ու նրա ներկայացուցչի գործը, բողոքը դատարանում է:

Ըստ գործի նյութերի, Մարտունու տարածքային բաժնում տարեց կնոջը բանավոր պատասխանել էին, որ չի կարող ստանալ նախորդ տարիների կենսաթոշակը, եւ որ «կենսաթոշակ կարող է ստանալ միայն նոր դիմում ներկայացնելուց հետո ընկած ժամանակահատվածի համար»։ Հիվանդ թոշակառուն ներկայացրել է դիմում` կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար:

Իրավական պաշտպանության տեսանկյունից Սոցիալական ապահովության պետական ծառայությունը վիճարկվող վարչական ակտում սխալ է կիրառել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, համաձայն որի, «Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում»։

Ըստ հայցվորի, օրենքով չկարգավորված նման իրավիճակների համար գործում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, իսկ վարչարարություն իրականացնելիս վարչական մարմինը չպետք է «մոռանա», որ գոյություն ունեն մարդու իրավունքներ` երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային իրավական ակտերով, որոնք չեն կարող խախտվել որեւէ իրավական ակտի մեկնաբանության եւ դրա կիրարկման արդյունքում։

Երբ հայցվորը նշում է, թե իր սեփականությունն են վերցրել, նա նկատի ունի ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին-3 -րդ մասերը, որոնց համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կտակելու իր սեփականությունը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի»։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 17-րդ հոդվածի 2-րդ մասով էլ սահմանված է. «Ոչ ոք չպետք է կամայականորեն զրկվի իր սեփականությունից»։
Ի դեպ, հայցվորը իր պահանջը հիմնավորելու համար նշել էր նաեւ Սահմանադրական դատարանի 2006թ. թիվ 649 որոշման մասին:

Այդ որոշման համաձայն. «Կենսաթոշակի վճարումը գործնականում սեփականությունը սեփականատիրոջը փոխանցելու միջոց է։ Կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձեւ է՝ նաեւ ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի (տես` «Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործը»)»։
ՀՀ Սահմանադրական դատարանն իր 14.10.2014թ. թիվ 1167 որոշմամբ էլ փաստել էր. «Նոր` տասներկու ամսվա ժամկետային սահմանափակման իրավապայմանը բացառում է այդ ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարն ստանալը։ Օրենսդիրը նոր իրավապայման սահմանելով՝ չի ամրագրում տասներկու ամսվա ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու հնարավորություն, այդ թվում` դատական կարգով։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավակարգավորման բացակայությունը խոչընդոտում է սեփականության սահմանադրական իրավունքի լիարժեք իրականացմանը, մասնավորապես, այդ իրավունքի` ՀՀ Սահմանադրության 18 եւ 19-րդ հոդվածներով սահմանված պաշտպանությանը` ժառանգության ընդունման ժամկետի հետ կապված հարաբերություններում»:

ՍԴ-ն այդ որոոշման համար ուսումնասիրել էր մեկ այլ քաղաքացու՝ Սերինե Խաչատրյանի գործը. նա էլ Հայաստանից բացակայել էր, վատառողջ լինելու պատճառով չի կարողացել երկար ճանապարհորդություն կատարել եւ վերադառնալ Հայաստան։
Կենսաթոշակառուն գիտի, որ կենսաթոշակն իր սեփականությունն է, լեգիտիմ ակնկալիք ուներ, որ ստանալու է այն`«հաշվի առնելով, որ տարիներ շարունակ աշխատանքային գործունեության արդյունքում վճարել է հարկեր եւ կենսաթոշակի տարիքում ստանալու է իրեն հասանելիք կենսաթոշակը»։

Ուշադրության արժանի է այն, որ պատասխանողները նման գործերով դատարան չեն ներկայանում, հաճախ բավարարվում են առարկություններ ուղարկելով:
Սոցիալական ապահովության պետական ծառայության պատասխանի համաձայն, օրենսդիրը սահմանել է. «կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է` աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակային կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում»:

Ըստ իրենց ծառայության պետական կենսաթոշակային համակարգի «Տվյալների շտեմարանում» առկա տեղեկատվության՝ Ծառայության աշխատակազմի Մարտունու սոցիալական ապահովության տարածքային բաժինը 1997 թվականի մարտի 27-ին հայցվորին նշանակել եւ մինչեւ 2009 թվականի հուլիսը ներառյալ վճարել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ: Ծառայությունը օրենքով 01.08.2014 դադարեցրել է հայցվորի կենսաթոշակ ստանալու իրավունքը: Օրենքի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը սահմանված են սպառիչ կերպով եւ բացառություններ չեն նախատեսվում։

Գուցե Հասմիկ Ենգոյանը վարչական վերաքննիչ դատարանում գործի ավարտից հետո դիմի՞ Սահմանադրական դատարան:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

19.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031