Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մարդը կարող է փչացնել պաշտոնը, նաեւ այդ պաշտոնի կշիռը բարձրացնել»

Դեկտեմբեր 20,2017 13:30

Հարցազրույց ՀՀ արդարադատության նախկին
նախարար Հովհաննես Մանուկյանի հետ

– Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար Նոր տարին, բացի ընտանեկան տոն լինելուց:

-Նվաճումների եւ ձախողումների վերլուծություն, արդյունքների ամփոփում եւ իհարկե՝ հետեւություններ ապագայի համար։ Նոր տարին նորի սկիզբ է միշտ ինձ համար՝ նոր ծրագրերի, գաղափարների եւ հարաբերությունների։

– Ի՞նչ է խնդրել Ձմեռ պապից Ձեր որդին այս անգամ:

-Ցավոք, այս սերունդը նույնքան ռոմանտիկ չէ, որքան մերը, եւ նկատի ունենալով նրանց տեղեկացվածության ծավալը՝ իրենք շատ ավելի վաղ են սկսում չհավատալ հեքիաթների… Քանի որ նվեր ստանալը հաճելի է՝ որդիս էլ հաճույքով իր նամակը գրեց Ձմեռ պապին՝ խնդրելով հեռախոս։ Հիմա արդեն Ձմեռ պապի հեղինակությունը բարձր պահելու բեռն ինձ վրա է …

– Երբ երեխա էիք, ի՞նչ նվեր էիք ինքներդ ակնկալում Ձմեռ պապից:

– Մեր ցանկություններն ավելի պարզ էին եւ համեստ։ Հիմնականում ինձ հետաքրքրում էին մեքենաներն ու զենքերը (ժպտում է-Գ.Հ.)։

– Դուք գուրման եք, տիրապետում եք համի արվեստին, նաեւ ինքներդ եք պատրաստում: Ի՞նչ ուտեստ է պարտադիր զարդարում Ամանորի ձեր սեղանը:

– Ամանորի սեղանը մայրիկիս մենաշնորհն է, եւ քանի որ նրա ծննդավայրը Թբիլիսին է, մեր տոնական խնջույքի պարտադիր կերակրատեսակներից մեկը սացիվին է։ Երկրորդ պարտադիր ուտեստը մշո տոլման է, որի բաղադրատոմսը մշեցի պապս է փոխանցել մեզ։ Մնացած ուտեստները ավանդական հայկական սեղանին բնորոշ կերակուրներ են։

– Ի՞նչ կմաղթեք ժողովրդին 2018-ին:

– Ժողովրդին կարելի է մաղթել միայն բարեկեցություն։ Իսկ դրա համար աշխատել եւ պայքարել է պետք։ Շատ կուզեմ, որ մեր ժողովուրդը գիտակցի իր ճակատագրի տերը լինելու պատասխանատվությունը եւ խնդիրներն աշխարհաքաղաքականության կամ մեծ ու փոքր տրամաչափի գործիչների վրա բարդելու անհեռանկարությունը։

– Դուք ընկալվում եք որպես մի մարդ, որն անկախ զբաղեցրած պաշտոնից (այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ արդարադատության նախարար) կամ առանց պաշտոնի, միշտ էլ նախընտրել է պարզ մարդկային շփումը: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:

– Ես ճիգեր չեմ գործադրում դրա համար, ես այդպիսին եմ։ Երբ մարդիկ սկսում են իրենց շատ լուրջ վերաբերվել, կամ իրենց մեջ առաջինը պաշտոնյային տեսնել, քան մարդուն՝ դառնում են շատ խղճուկ եւ զվարճալի։ Բարոն Մյունհաուզենի հայտնի արտահայտությունը ոչ պակաս հայտնի ֆիլմից տալիս է այս իրավիճակի տիպիկ բնորոշումը. «Դեմքի խելացի արտահայտությունը դեռեւս խելքի հատկանիշ չէ, պարոնայք։ Բոլոր հիմարություններն այս աշխարհում կատարվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ։ Ժպտացեք, պարոնայք, ժպտացեք…»։

– Պաշտոնը կարո՞ղ է փչացնել մարդուն:

– Մարդը կարող է փչացնել պաշտոնը։ Այնպես, ինչպես կարող է այդ պաշտոնի կշիռը անսահման բարձրացնել։ Իսկ պաշտոնի գայթակղությունները կարող են մարդու մեջ արթնացնել սատանային, բայց դրա մեղավորը պաշտոնը չէ, այլ մարդկային թուլությունները։

– Խորհուրդ, որ ստացել եք Ձեր ծնողներից ու միշտ հետեւում եք դրան:

-Հետեւել առողջությանը։ Ցավոք, ոչ միշտ եմ կարողանում հետեւել այս կարեւոր խորհրդին:

 

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը` Հովհաննես Մանուկյանի ֆեյսբուքյան էջից:

 

«Առավոտ»

19.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031