Ինչպես վանաձորցի երիտասարդը գնաց երազանքի
հետեւից ու հասավ Բրազիլիա
Մեր հայրենակից Արթուր Հարոյանը 2008 թվականից ապրում է Բրազիլիայում: «Առավոտը» նրանից հետաքրքրվեց՝ վանաձորցի երիտասարդի համար հե՞շտ էր ինտեգրվել բրազիլական իրականությանը:
«Ճիշտն ասած, շատ դժվար էր, որովհետեւ երիտասարդին հատուկ ռոմանտիկ մտքերը, թե կգնամ, ամեն ինչ լավ կլինի, բոլոր դռները բաց կլինեն, բոլորը սպասում են ինձ, հօդս ցնդեցին: Հակառակը եղավ, ինչը բնական է, որովհետեւ ոչ ոք ինձ այստեղ չէր ճանաչում ու սպասում, ես էլ պատրաստված չէի ոչ ֆինանսապես, ոչ լեզու գիտեի, ոչ մի ծանոթ չունեի: Ուղղակի որոշել էի, որ պետք է Բրազիլիա գնամ, տոմս գնեցի ու եկա»,- ասաց մեր զրուցակիցը, նաեւ հավելեց, թե ով ռիսկի չի դիմում, շամպայն չի խմում:
Հետաքրքրվեցինք` արդարացե՞լ են իր սպասելիքները կարիերայի, մշակութային հաջողությունների իմաստով: «Բնականաբար, միշտ ավելին ես ակնկալում, բայց ոչ միշտ է այդ ամենն իրականանում: Մյուս կողմից էլ, պետք է փաստել, որ շատ ներգաղթյալներ չեն հասել այն ամենին, ինչ ես ունեմ: Մի քիչ գլուխգովանություն կարող է ընկալվել, բայց խոստովանենք, որ հեշտ չէ անծանոթ միջավայրում առանց կողմնակի աջակցության իրականացնել այն, ինչ դեռեւս Վանաձորում էի պլանավորել 16 տարեկանում, երբ աշխատում էի Հովհ. Աբելյանի պետական դրամատիկական թատրոնում: Այժմ Բրազիլիայի քաղաքացի եմ, բայց պահպանել եմ նաեւ ՀՀ քաղաքացիությունս»,-ասաց Արթուրը:
Նա նշեց, որ շատ է կարոտում հարազատ թատրոնը, շատ անգամներ տեսնում է երազում. «Վերջերս Հայաստանում էի, այցելեցի իմ թատրոն, եթե ներկայացում է լինում ու ես Հայաստանում եմ լինում, անպայման դիտում եմ, ընկերներիս եմ տեսնում` ռեժիսորներին, դերասաններին, բոլոր նրանց, ում հետ ժամանակին աշխատել եմ: Աբելյանի անվան թատրոնն իմ երկրորդ տունն եմ համարում ու շատ բանով եմ պարտական»:
Արթուր Հարոյանից հետաքրքրվեցինք նրա հիմնադրած «ԱՐԿԱ» թատերախմբով: Մեր զրուցակիցն ասաց, որ «ԱՐԿԱ» պորտուգալերեն նշանակում է տապան. «Դե ուրիշ ինչ անուն պիտի մտածեր հայը արտասահմանում թատերախումբ հիմնելիս: Երբ մարդիկ հարցնում են, թե ինչո՞ւ տապան, սկսում եմ ամեն անգամ պատմել, որ Նոյյան տապանը կանգ է առել Արարատին, Արարատը Հայաստանում է եւ այլն, եւ այլն… Իմ խմբի բոլոր դերասան-դերասանուհիները բրազիլացիներ են, ու այնպես ստացվեց, որ այստեղ թատերականն ավարտեցի, իմ կոլեգաներով որոշեցինք իմ գրած պիեսը բեմադրել եւ դա պատճառ հանդիսացավ, որ մեր թատերախումբը ձեւավորվի»:
Արթուր Հարոյանը իր թատերախմբով նաեւ Ցեղասպանության թեմայով ներկայացում է բեմադրել: Ասում է՝ մեծամասնությունը տեղյակ չէր, որ նման ոճրագործություն է տեղի ունեցել 1915-ին, նույնիսկ ռեժիսորը` Ռոժերիո Ռիզարդդին չգիտեր: Վերջինս Արթուրի ուսուցիչներից էր: «Երբ պիեսը ցույց տվեցի Ռոժերիո Ռիզարդդիին, նա կարդաց եւ ասաց, որ Հայաստանի մասին լսել էր, բայց ցեղասպանության մասին տեղյակ չէր: Դրանից հետո սկսեց նյութեր հայթայթել, վավերագրական ֆիլմեր նայել, գրքեր կարդալ: Ցեղասպանության թեման իրեն շատ հետաքրքրեց: Զարմանքով ասաց, որ շուրջ 100 տարի է անցել, սակայն թեման արդիական է: Նա նաեւ զուգահեռներ տարավ այլ ժողովուրդների ցեղասպանությունների հետ, Աֆրիկայից մինչեւ Սիրիա: Որոշվեց, որ պետք է անպայման բեմադրվի պիեսս»,-հիշում է մեր հայրենակիցըը:
Նա տեղեկացրեց, որ շուրջ 70000 հայ կա Բրազիլիայում, ինքն ապրում է Սան Պաուլոյում, որտեղ կենտրոնացած է հայերի մեծամասնությունը, ունեն 3 եկեղեցի, «Արմենիա» անունով մետրոյի կայարան, դպրոց, ակումբներ, ռեստորաններ: Շփվում է հայկական համայնքի հետ, որովհետեւ ժամանակին օգնել են ոտքի կանգնել, առաջին պետական աշխատանքը եղել է հայկական դպրոցում:
Բրազիլիայում ծնված՝ ծագումով հայ դերասաններից Արթուրը գիտի Արաքսյա Բալաբանյանին, որը, այսպես ասած, Բրազիլիայի Մերիլ Սթրիփն է: «Միշտ ցանկացել եմ իր հետ հանդիպել, ինչն իրականացել է 3 տարի առաջ: Ինձ հրավիրել էին «Գլոբո» ալիքի շոուին: Ես պատմեցի, թե ինչու եմ եկել Բրազիլիա, պատմեցի, որ սիրահարված եմ իմ արվեստին: Հաղորդումից հետո նա ինձ հրավիրեց իրենց հաղորդումներից մեկի նկարահանմանը, եւ ես Բրազիլիայի երեւի ամենագեղեցիկ ծաղկեփունջը գնեցի ու գնացի իր հետ հանդիպման»,- ժպտում է մեր զրուցակիցը:
Զուգահեռներ տանելով հայերի ու բրազիլացիների միջեւ, նա նշում է, որ ի տարբերություն հայերի, բրազիլացիները շատ թեթեւ են, երբեմն այդ թեթեւությունը թեթեւսոլիկություն կարող է ընկալվել: Արթուրն ասում է, որ Հայաստանի մասին ամեն նյութ փորձում է օտարներին հետաքրքիր ու արտասովոր ներկայացնել:
«Բրազիլացի բոլոր ընկերներս կատակում են, թե ես իրենց ուղեղի լվացում եմ արել: Եթե ինչ-որ անծանոթի հետ ենք հանդիպում, ընկերներս են իմ փոխարեն պատմում, թե Արթուրը Հայաստանից է, Հայաստանը գտնվում է այսինչ տեղում, այսպիսի երկիր է եւ այլն: Ես էլ կատակում եմ, թե իմ առաքելությունը լավ եմ կատարում»,- նշում է մեր զրուցակիցը:
Ափսոսում է, որ իր ծննդավայր Վանաձորում իր մեկնելու տարվանից առայսօր ոչինչ չի փոխվել. «Արցախյան պատերազմի տարիներին մարդիկ կարծես ավելի երջանիկ էին, երազանքներ ունեին, ապրելու փափագ, այսօր շատ տխուր են, դարդ ու ցավով լցված: Հիմա կասեն, թե իմ ձայնը տաք տեղից է դուրս գալիս, բայց մի՞թե հնարավոր չէ այնպես անել, որ երեք միլիոնանոց երկիրը կարողանա ապրել: Բրազիլիայում հաղորդումներ են նայում Հայաստանի մասին, սյուրռեալիստական պատմություններ են, զարմանում եմ` ո՞նց կարող է դա Հայաստանը լինել»:
Արթուր Հարոյանից նաեւ տեղեկացանք, որ Սան Պաուլոյում հայտնի ռեժսոր Սպել Պաչեկոն այժմ ֆիլմ է նկարում իր անցած ճանապարհի, Հայաստան-Բրազիլիա համագործակցության մասին, նախագծի աշխատանքային վերնագիրն է «Երջանիկ թխվածքաբլիթներ»: Արթուրը համագործակցում է նաեւ ռուս սկանդալային երգչուհի Լինդայի հետ: Նա ցանկություն ունի հայաստանյան որեւէ նախագծում եւս մասնակցություն ունենալ, ասում է՝ թեկուզ իր պիեսը բեմադրվի, որեւէ լավ ֆիլմում նկարահանվի, բայց երեւի ինչ-որ մեկը նախ պետք է իրեն հրավիրի:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
19.12..2017
Այլ բաներ էլ գիտենք իր մասին….
Ոնց չեմ սիրում մարդկանց էն տեսակին, որ ավել-պակաս բաներ են գրում հոդվածների տակ: Իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց կարծես ծնված լինեն ուրիշներին՝ կայացածներին, փնովելու համար: Էտ նրանցիա, որ իրանց երազանքները չեն իրականացել: Իսկ Արթուր Հարոյանը մեծ բան է անում Հայաստանի ու հայերի համար Բռազիլիայում: Էս տեսակ հայեր են պետք մեզ, ոչ թե աբիժնիկներ: