Ս․թ․ դեկտեմբերի 18-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը հացադուլ և դասադուլ են սկսել՝ բողոքելով ՀՀ կրթության և գիտության նախարարի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ շուրջ մեկ ամիս տևած բանակցությունների անարդյունավետությունից, քանի որ վերջիններս նրանց խոստումներ են տվել տարկետման հարցում զիջումների գնալ «Զինապարտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո, սակայն գործնական քայլեր չեն ձեռնարկել։
Նույն օրը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը նախաձեռնության երկու անդամների հացադուլ սկսելու քայլը մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում, որտեղ ինքնավստահությամբ կեղծ տեղեկատվություն է տարածել հացադուլավորների մասին, ասելով, որ «երեկ չէ առաջին օրը կարծեմ եկել են Լեհաստանից, Սորոսի՝ այդ հայտնի կազմակերպության համաժողովից, թե հանդիպումից։ Բնականաբար, երևի, ինչ-որ առաջադրանքներ են ստացել և եկել են, առավոտյան մտել են այդ լսարանը, իրենց նախկին հացադուլի լսարանը, և հացադուլ են անում»։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայտարարում է, որ դեկտեմբերի 11-ից 15-ը Դավիթ Պետրոսյանը մասնակցել է Լեհաստանում անցկացված «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի» (EPDE) ձմեռային հնգօրյա դպրոցին՝ ԹԻՀԿ պատվիրակության կազմում՝ որպես կազմակերպության դիտորդական առաքելության տարածքային համակարգող: EPDE-ն տասից ավել կազմակերպությունների միջազգային կոալիցիա է, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում ընտրությունների հանրային վերահսկողությանը և Եվրոպայում ժողովրդավարական ընտրական գործընթացների կայացմանը: Դավիթ Պետրոսյանը միջոցառման մասնակցության հրավերը ստացել է EPDE քարտուղարության՝ «European Exchange» կազմակերպության կողմից: Յուրի Ավագյանը չի հրավիրվել և, հետևաբար, չի մասնակցել միջոցառմանը: EPDE ձմեռային դպրոցի կազմակերպումը և ֆինանսավորումը որևէ առնչություն չունի «Սորոսի» հիմնադրամի հետ, որի տակ ԵՊՀ ռեկտորը ենթադրաբար նկատի է ունեցել «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությանը:
ԹԻՀԿ-ը գտնում է, որ ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանի կողմից տրված վերոնշյալ հարցազրույցը կանխամտածված սուտ տեղեկատվության տարածում է, որն ակնհայտորեն հետապնդել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն ու նրա անդամներին վարկաբեկելու նպատակ և միջազգային ֆինանսավորման կամ «Սորոսի» անվան օգտագործմամբ տվյալ նախաձեռնության նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու միտում: Բոլոր դեպքերում Ա.Սիմոնյանի վարքագիծն անպատվաբեր է և անհարիր բարձրագույն կրթօջախի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին և արժանի է խիստ գնահատականի նրան ընտրող մարմնի, ինչպես նաև ԵՊՀ դասախոսական կազմի և ուսանողության կողմից:
Հարկ է նշել, որ «Բաց հասարակության հիմնադրամների» և տվյալ կառույցի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների դեմ վերջին ժամանակներս հատկապես ինտենսիվ են դարձել հրապարակային սուտ տեղեկատվությունը, զրպարտություններն ու մեղադրանքները, որին մասնավորապես լծվել են իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության անմիջական ռեսուրսները, օրինակ՝ «Արարատ» հեռուստաընկերություն (գրանցված է ՀՀԿ կենտրոնական գրասենյակի հասցեում), Henaran.am (ղեկավար՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Է. Շարմազանովի կինը), ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյան (ՀՀԿ խմբակցության անդամ), ինչպես նաև որոշ այլ լրատվամիջոցներ, օրինակ՝ «Հայոց աշխարհ», «Սպուտնիկ Արմենիա»:
Ընդ որում, նույն լրատվամիջոցները ջանքեր չեն թափում ապահովելու բազմակարծությունը և ներկայացնելու այլ տեսակետներ: Ակնհայտ է, որ այս թիրախավորված և ինտենսիվ քարոզարշավը տարբեր անհատների և լրատվամիջոցների կողմից պատահականություն և զուգադիպություն չէ և նպատակաուղղված է հարված հասցնելու քաղաքացիական հասարակության այն կառույցներին, որոնք ակտիվորեն աշխատում են Հայաստանում մարդու իրավունքները և ժողովրդավարության արժեքները հաստատելու ուղղությամբ:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Տարեց-տարի ԵՊՀ-ում ուսանողների թիվը պակասում է: Մի երկու օր առաջ էլ կայքերից մեկում կարդացինք, որ այդ պատճառով հիմա էլ դասախոներ են սկսում կրճատել: Փոխանակ ռեկտորը աջակցի ուսանողներին, քանի որ նրանց պահանջները նաև ԵՊՀ ռեկտորատի շահերից է բխում, դրան հակառակ` վախեցած ու անկապ հայտարարություններ է անում, որ հանկարծ իրեն պաշտոնից չհանեն: Թող ռեկտորը փորձի ընդամենը մի օր հացադուլ անի (կարծում եմ, որ չի կարողանա) և նոր միայն կահասկանա, թե ինչ ծանր գնով են այդ անպաշտպան ուսանողները փորձում պաշտպանել գիտության ու կրթության շահերը: