2017 թվականը հաջողված տարի է Լողի հայկական դաշնության համար: Մեր լողորդները մասնակցել են աշխարհի առաջնություններին եւ միջազգային այլ մեկնարկների՝ թարմացնելով Հայաստանի մեծահասակների եւ պատանիների ռեկորդներ:
«Անի Պողոսյանը եւ Արթուր Բարսեղյանը Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել, Բարսեղյանն աշխարհի պատանեկան առաջնությունում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի, եւս վեց լողորդ՝ սպորտի վարպետի նորմա: Ես այս ցուցանիշերը լուրջ ձեռքբերում եմ համարում:
Մեր լողորդների միջազգային մեկնարկները դեռ շատ չեն, սակայն անում ենք ամեն բան ավելիին հասնելու համար, ընդ որում, շեշտը դնելով պատանիների ու երիտասարդների վրա: Նրանք այս տարի մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարի, իսկ Վրաստանից եւ Իրանից տուն վերադարձել շուրջ 100 մեդալով: Եվ պատահական չէ, որ Հայաստանի մեծահասակների հավաքականը համալրվու են գերազանցապես պատանիներն ու երիտասարդները:
Վարպետությանը զուգահեռ մեծ կարեւորություն ենք տալիս լողի մասսայականացմանը հանրապետությունում: Լողը սկսել է մեծ թափով տարածվել Հայաստանում: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հանձնարարությամբ ամռանն Իջեւան քաղաքում նոր լողավազան շահագործեցինք, ինչի արդյունքում Իջեւանը հանրապետության պատանեկան առաջնություններին առաջին անգամ մասնակցել է առանձին թիմով: Հիմա երկրորդ լողավազանն ենք հիմնանորոգում Հրազդան քաղաքում», – Aravot.am-ին ասաց Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ