Լրահոս
Օրվա լրահոսը

Պատճառն էլ ճշտեք 30 ամիս լռելու. Վահե Գրիգորյան

Դեկտեմբեր 19,2017 23:13

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի (Chiragov and Others v. Armenia, հղումը քոմենթներում կդնեմ) ՄԻԵԴ վճիռը, կարծում եք, մինչեւ ե՞րբ է կառավարությունը դիմադրելու եւ թարգմանությունը ներքին լսարանից թաքցնելու:

Որովհետեւ աշխարհին այս՝ միջազգային դատարանի վճիռը շուրջ 30 ամիս հասանելի է անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով, եւրոպական եւ հյուսիսամերիկյան մի շարք համալսարաններ արդեն իսկ փորձագիտական վերլուծությունների են ենթարկել այս եւ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի (Sargsyan v. Azerbaijan) վճիռները, (Օքսֆորդի համալսարանի միջազգային իրավունքի հրատարակությունների կենտրոնն էլ արդեն հասցրել է այս երկու վճիռները հայտարարել որպես 2015թ.-ի միջազգային հանրային իրավունքի ամենանշանավոր ձեռքբերումները) իսկ հայաստանյան լսարանը դեռ սահմանափակված է ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչի կցկտուր եւ իրարամերժ հայտարարություններով այս, կրկնում եմ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ամենազգայուն եւ տեխնիկապես բարդ ասպեկտի մասին ՄԻԵԴ կտրուկ եւ վերջնական ձեւակերպումներով լի վճռի վերաբերյալ:

Հիշեցնեմ, որ հիմնական վճիռը հրապարակվել է 16/06/2015թ.-ին՝ մոտ 30 ամիս առաջ: Առ այսօր այդ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ 1 հիմնախնդրի ամենազգայուն հարցին (պատերազմական գործողություների, իսկ ներկայումս Արցախի Հանրապետության տարածք ադրբեջանցի փախստականների վերադարձի եւ/կամ նրանց փոխհատուցման սկզբունքների մասին) վերաբերվող այս վճիռը դեռ նույնիսկ հայերեն չի թարգմանված:

Ոչ, սա այն պատճառով չէ, որ թարգմանություններն ուշացնելը ընդունված գործելաոճ է: Այս իմաստով ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի տեխնիկական-մասնագիտական անձնակազմը ժամացույցի նման է աշխատում: Օրինակ՝ ընդամենը երկու ամիս առաջ հրապարակված Ադյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի (Adyan and Others v. Armenia, հայերեն տեքստի հղումը կդնեմ քոմենթներում) գործով վճիռն արդեն ունի պաշտոնապես հրապարակված հայերեն տեքստ նույն այս պետական մարմնի պաշտոնական կայքէջում:

Մի քանի օր առաջ՝ 12/12/2017թ.-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է նաեւ սույն գործով (իրավունքի խախտման ըստ էության) վճռին հաջորդող մյուս՝ իրավունքի խախտման դիմաց փոխհատուցման վերաբերյալ վճիռը (հղումը կտեղադրեմ քոմենթներում):

Պաշտոնական Երեւանի արձագանքը, կրկին, չի գերազանցել մի թերթոնային վերլուծության մակարդակի պորպագանդիստական կարճ հարցազրույցային ֆորմատը:

Սա ասելով, ես նկատի չունեմ, թե խնդիրը չեն հասկանում արդարադատության նախարարությունում կամ ԱԳՆ-ում: Խնդիրը հենց այն է, որ հասկացողներից որեւէ մեկն այս մասին չի կարող ծպտուն հանել՝ ներքին լսարանի համար հորինված պրոպագանդիստական ալգորիթմերի արդյունքը չվնասելու համար:

Ես ընդամենը այստեղ կտեղադրեմ վերը հիշատակված վճիռներից այն հատվածները, որոնք հատկապես կարեւոր եմ համարում ընդհանուր տեղեկացվածության համար: Փորձագիտական մակարդակով այս ակտի կիրառողները պետք ամբողջությամբ ծանոթանան ոչ միայն այս, այլ նաեւ դրա իրավական վերլուծությունների համար հիմք հանդիսացած այլ՝ կոնֆլիկտային իրավիճակներում ՄԻԵԴ որդեգրած մոտեցումներին:

Ես դեռ ավելի խորացված ՄԻԵԴ այս մոտեցումներին կանդրադառնամ: Բայց այս թնջուկին ծանոթանալը, փորձագետների կողմից դրան բավարար ուշադրություն դարձնելը եւ քննարկումներ սկսելը պետք է սկսել հիմա: Թե չէ այն ջայլամաբարո պրոպագանդիստական գիծը, որ տարբեր փորձաՏգետներ ստանձնել են այս հարցի կապակցությամբ, միայն ներքին լսարանից իրենց կամ իրենց պատվիրատուների ապաշնորհությունը թաքցնելու համար է: Ընդ որում` այնքան պրիմիտիվ միջոցներով, ինչպիսին առ այսօր այս ակտերի թարգմանությունն առկախելը եւ այս կապակցությամբ քննարկումները սառեցնելն է:

Կներեք սառը ցնցուղի համար: Այս մասին չիմանալը եւ դրա հետեւանքները եւ ասպեկտները չքննարկելը, դրանց բացասական հետեւանքներին անպատրաստ լինելը հերթական դարակազմիկ գիշերվան ընդառաջ նվազ վտանգավոր չի, քան տանկի մեջ բավարար վառելիք չունենալը: Չխոսելը կամ, որ էլ առավել վտանգավոր է, կառավարության պորպագանդիստական գծերով նման բաների մասին խոսելը խնդրի լուծումը չի մոտեցնում, առավել եւս դրա ծանր հետեւանքներից մազաչափ իսկ հեռու չի պահում:

Հարգելի լրագրողներ, պահանջեք ի վերջո կառավարությունից այս վճիռների որակյալ եւ պաշտոնական թարգմանությունը: Հիշեցնում եմ, որ դրանք հաշվենկատորեն 30 ամիս է արդեն մոռանում են հրապարակել: Մինչդեռ այդ իրենց ուղիղ պարտականությունն է: Պատճառն էլ ճշտեք 30 ամիս լռելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031