Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հունվարին կմեղմացնի Հայաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները

Դեկտեմբեր 19,2017 22:15

Այսօր հրավիրված տարեվերջի մամուլի ասուլիսում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրեց, որ 2008 եւ 2012 թվականների օլիմպիական խաղերում դոպինգ ստուգման երեքից ավելի դրական արդյունք ունեցած ծանրամարտի ինը ֆեդերացիաները շարունակում են կրել պատիժը: Բացի այդ, նրանք, այդ թվում նաեւ Հայաստանը, պետք է $ 50 հազար տուգանք վճարեն:

«Ինձ համար ցավալի է, որ պատիժ կրում են նաեւ այն ծանրորդները, որոնք ոչ մի կապ չեն ունեցել արգելված նյութերի հետ:

Մենք փաստաթուղթ ենք ստորագրել, որով պարտավորվել ենք, որ յուրաքանչյուր մրցումից առաջ բոլոր ծանրորդները պետք է առնվազն երեք դոպինգ ստուգում անցնեն: Այդ փաստաթուղթը վերաբերում է պատժված ինը ֆեդերացիաներին: Ես առաջինն եմ ստորագրել, քանի որ վստահ եմ մեր մարզիկների մաքրության վրա»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը տեղեկացրեց, որ Ալբանիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության 105 կգ քաշային կարգի բրոնզե մեդալը կտրվի Մկրտիչ Մկրտչյանին, քանի որ վրացի մարզիկի օրգանիզմում հայտնաբերվել են արգելված նյութեր:

Պարոն Ալավերդյանը օրեր առաջ Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաշվի առնելով, որ 2014-2017 թվականների ընթացքում Հայաստանի ծանրորդներից վերցված շուրջ 1200 դոպինգ փորձանմուշներից եւ ոչ մեկում դրական արդյունք չի հայտնաբերվել, 2018 թթվականի հունվարի կեսերին նախատեսել է վերանայել մեր, ինչպես նաեւ Չինաստանի եւ Թուրքիայի ֆեդերացիաների պատժաժամկետներն այն հաշվարկով, որպեսզի այդ երեք երկրները կարողանան մասնակցել գարնանը կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:

Փաշիկ Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին (նա միաժամանակ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատարն է)՝ մարզաձեւին աջակցելու եւ ֆեդերացիայի հոգսերն իրենց ուսերին վերցնելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031