Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը

Դեկտեմբեր 19,2017 20:12

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի  գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է Հայաստան-Արժույթի միջազգային հիմնադրամ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ՀՀ տնտեսության համար կարևոր բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական տեխնիկական աջակցության համար: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՀ մշտական նորանշանակ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և ողջունել կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը: Հոսեյն Սամիեին ԱՄՀ-ի անունից գոհունակություն է հայտնել 2017 թ. ՀՀ-ում հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքից՝ այն որակելով որպես նշանակալի ձեռքբերում և հույս հայտնել, որ այդ առաջընթացը շարունակական կլինի:

Համագործակցության հետագա զարգացման համատեքստում ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են հնարավոր նոր ծրագրին ու դրա ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև  2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների, ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումների, Հարկային օրենսգրքի փոփոխությունների, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել