Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հեգնանքի աշխարհի չեմպիոն եմ, եթե ուզենամ՝ ձեր ամեն ելույթը կհեգնեմ». Բագրատյանը վիճեց Բոստանջյանի հետ

Դեկտեմբեր 19,2017 18:40

Այսօր խորհրդարանում քննարկվեց Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը դժգոհեց, որ սա գերակա ճյուղ է սահմանված, բայց նախագծով սահմանափակումներ են դրվում այլընտրանքային էներգետիկ աղբյուրների համար: Գեւորգ Գորգիսյանի համար էլ տարօրինակ էր, որ ինքնավար էներգետիկայի հզորության չափ են սահմանել, իրավաբանական անձանց համար 500 Կվտ, ֆիզիկական անձանց համար՝ 150 Կվտ: Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը պատասխանեց, որ քանի որ տեսնում են, որ շուկայում էժան սակագներ կլինեն, այս ոլորտը վարչարարությունից, հարկերից լիցենզիայից ազատում են, բայց աշխարհում չկա որեւէ երկիր, որ ինքնավար էներգարտադրողի հզորության սահմանաչափը անսահման թողնի: Մարդիկ կարող են սեփական կարիքների համար արտադրել ու օգտագործել արեւային էներգիա:

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե մեր հարեւան երկրներում վիճակն ինչպիսի՞ն է՝ փոխնախարարը պատասխանեց, որ Վրաստանը մեր օրինակին է հետեւում, իրենք էլ են նույն տիպի օրենսդրություն ուզում մշակել, Ադրբեջանում չկա նման բան, Իրանում չկա, Թուրքիայում կա. «Որեւէ երկրում 500 Կվտ սահմանաչափ դրված չէ: Նպատակը այն է, որ 467 հազար առանձնատուն ունենք ՀՀ-ում, 20 հազար բազմաբնակարան շենք, ամեն տանիքին մաքսիմալ արեւային վահանակներ տեղադրեն, մեր հաշվարկներով՝ 1600 Մեգավատ մենակ տանիքների վրա տեղ ունենք»: Զեյնալյանը հարցրեց՝ արդյո՞ք նպատակ չունեն սրանով ատոմակայանից ազատվելու՝ փոխնախարարը վստահեցրեց, որ ոչ. «Արեւային էներգետիկայի զարգացումը մենք չենք տեսնում ի հաշիվ ատոմային էներգետիկայի»:

Ըստ Մանե Թանդիլյանի, երբ ասում եք, որ նման երկիր չկա, որ այս աստիճան սահմանաչափ դնի, դուք չեք ասում, որ նման երկիր էլ չկա, որ այս աստիճան կախվածություն ունենա մեկ մատակարարից՝ «Գազպրոմից»: Հայկ Հարությունյանը պատասխանեց, որ էներգետիկ կախվածության մակարդակով մենք շատ ավելի լավ դիրքերում ենք գտնվում, քան բազմաթիվ այլ երկրներ:

Թանդիլյանը դժգոհեց, եթե մենք ունենք գերակայություն՝ արեւային էներգիան զարգացնելու, ինչո՞ւ են առհասարակ սահմանափակումներ դնում:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ոգեւորված էր օրենքի նախագծով: Նա ասաց, որ ՀՀ ցանկացած քաղաքացի այս նախագծի շնորհիվ կարող է կայան ստեղծել իր սեփական տան տանիքում եւ մինչեւ 150 ԿՎտ անգամ վաճառել: Եթե ունես համապատասխան տարածք, կարող ես դա կառուցել ու ոչ մի վարչարարություն չկա: Ըստ Բագրատյանի, մեծ առավելություն է տալիս այս օրենքը. «Սա եզակի օրենք է տնտեսական դաշտում լուրջ կարողություններ ստեղծելու: Եթե մենք էներգետիկան կայացնում ենք, բացառված է, որ եւ ՌԴ-ն, եւ Իրանը, եւ Վրաստանը չցանկանան ՀՀ-ից էներգիա գնելու: Վաղ թե ուշ Թուրքիան էլ ուզի, թե չուզի՝ Վրաստանի միջոցով գնելու է»:

Իր խմբակցության անդամի այս ոգեւորությունը չէր կիսում Վարդան Բոստանջյանը. «Պարոն Բագրատյանի ելույթից հետո ես հասկացա, որ Հայաստանին էլ ոչ մի բան պետք չի, հենց սա կլինի՝ չափազանց լավ կապրենք, արտակարգ կլինի մեր երկիրը: Չինաստանը մի ժամանակ ասում էր՝ ամեն մեկին ապակողմնորոշելու համար դավայտե ձեր բակերում մետաղ ձուլեք»:

Ավելի ուշ Սերգեյ Բագրատյանը արձագանքեց Բոստանջյանին. «Պարոն Բոստանջյան, եթե դուք ուզում եք լավ ապրել այս օրենքով, դուք լավ չե՛ք ապրելու, որովհետեւ եթե ձեր գործընկերների նկատմամբ հեգնանքի փոխարեն հարգանք ունենաք՝ լավ կապրեք: Դուք լավ չեք ապրելու, լավ ապրելը մարդու ներսում է լինում: Ես հեգնանքի աշխարհի չեմպիոն եմ, եթե ուզենամ՝ ձեր ամեն ելույթը կհեգնեմ: Բայց մենք պիտի հարգենք իրար»:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նույնպես Բագրատյանին հակադարձեց՝ կառավարության նախագծի հանդեպ շատ շռայլ գտնվելու համար. «Չեմ ուզում այսքան բաներ շռայլենք: Մեր շռայլությունը կլինի, որ կողմ ենք քվեարկելու, դա ամենամեծ շռայլությունը կլինի: Պետք է արդար լինել: Այդքան շատ բառեր շռայլելն էլ կարող է հետագայում դիսոնանս առաջացնի»:

Նա հարցրեց՝ սակագինը սրանից իջնելո՞ւ է, թե՞ չի իջնելու: Մելքումյանը նաեւ հիշեցրեց, որ «Գազպրոմի» հետ մինչեւ 2042-ը պայմանագիր ունենք, որ պետք է ծավալները պահենք: Եթե սակագին է իջնում, սա փոխվելո՞ւ է, թե՞ սակագին իջեցնելու մասին մենք մոռանանք: Փոխնախարարը պատասխանեց, որ նախագիծը էժան սակագին ունենալու նպատակ է հետապնդում:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ նախագիծը հնարավորություն է տալիս մարդուն սեփական կարիքների համար իր այլընտրանքային էներգիայի աղբյուրը ստեղծել եւ օգտվել. «Սրա վատը ո՞րն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031