Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաշատը ծխում են Նոր Նորքի և Դավթաշենի բնակիչները

Դեկտեմբեր 19,2017 18:30

Հարցին,եթե ծխախոտի գինը 250-ից դառնա 1000 դրամ, դա կհանգեցնի՞ ծխելուց հրաժարվելուն, հարցման մասնակիցների միայն 22,1 տոկոսն է պատասխանել, թե կկայացնի ծխելուց հրաժարվելու որոշում:

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված քննարկմանը, ներկայացնելով 2017-ի նոյեմբերին իրականացված հարցման արդյունքները, «Էմպիրիկա» հետազոտական ընկերության տնօրեն Մարիամ Մխիթարյանը տեղեկացրեց.

«Հարցումներն իրականացվել են ՀՀ-ում և մարզերում 18 և բարձր տարիքի անձանց շրջանում: Ծխախոտի օգտագործման փորձ ունեցել է հարցվածների 35,2 տոկոսը: Ակտիվ ծխողների շարքում կանայք ավելի քիչ են, քան տղամարդիկ՝  իգական՝ 4, արական 60 տոկոս: Ծխախոտային արտադրանքի սպառողները միջին վիճակագրական տվյալներով՝ 30-49 տարեկան արական սեռի տղամարդիկ են, որոնք ունեն հիմնական աշխատանք և աշխատում են մասնավոր ոլորտում: Ծխող քաղաքացիների մեծ մասն օրվա ընթացքում օգտագործում է մեկ տուփ և ավելի ծխախոտ, չնայած նրանց մեծ մասը ծխելը համարում է բացասական երևույթ: Ծխախոտի գնի հավանական աճի դեպքում՝ 250-1000 դրամի դառնալու դեպքում հարցվածների միայն 22,1 տոկոսն է նշել, թե կկայացնի ծխելուց հրաժարվելու որոշում»:

Հետազոտության տվյալներով՝ Երևանում ամենաշատը ծխում են Նոր Նորք և Դավթաշեն վարչական շրջանների բնակիչները:

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ 2014-ին օրենքն ընդունել և կոնվենցիա ենք ստորագրել, բայց կարծես թե օրենքը մնացել է թղթի վրա, միայն մի փոքր մասն է աշխատել: Նա դեռ չցանկացավ խոսել օրենքի ընդունման և դրույթների մասին, սակայն վստահեցրեց, որ հետևողական են լինելու, որպեսզի օրենքն ընդունվի. «Մենք ուզում ենք, որ մեր թե՛ երիտասարդներին, թե՛ բնակչությանը և հատկապես երեխաներին զերծ պահենք երկրորդային ծխի ազդեցությունից: Որպես բժիշկ՝ գտնում եմ, որ դա ավելի վատ կարող է անդրադառնալ, տարբեր հիվանդություններ առաջացնել՝ բրոնխիտն իր հետևանքներով, ուստի հնարավորինս պետք է այնպես անել, որ մարդիկ, եթե ուզում են ծխել, թող ծխեն, բայց համապատասխան վայրում»:

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի փորձագետ Լիլիթ Գրիգորյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ՝ համաձայն որոնց տարեկան վեց միլիոն մարդ մահանում է ծխախոտի ազդեցությունից, նրանցից 600.000-ը մահանում է երկրորդային ծխի ազդեցությունից:

Անդրադառնալով ՀՀ-ում գրանցված տվյալներին՝ Լիլիթ Գրիգորյանն ասաց. «2016-ի տվյալներով՝ Հայաստանում փակ աշխատանքային տարածքներում երկրորդային ծխի ազդեցության են ենթարկվում 39,7 տոկոսը: Փակ և բաց աշխատանքային տարածքներում՝ 73,5 տոկոսը, իսկ 53,1 տոկոսը տնային տնտեսություններում է ենթարկվում երկրորդային ծխի ազդեցությանը: Պատանիների դեպքում 15-19 տարեկանների շրջանում ծխախոտ օգտագործողները 15,1 տոկոս են կազմում, շեշտենք, որ ծխախոտի՝ ամենօրյա օգտագործման մասին է խոսքը»:

Հարցին՝ կգա՞ մի օր, որ հանրային վայրերում այլևս չեն ծխի, Լիլիթ Գրիգորյանը հավաստիացրեց՝ դա կլինի օրենքի ընդունման հաջորդ օրը:

Մելիտա Հակոբյանն այս առիթով հավելեց. «Օրենքի ընդունումից բացի նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում պետք է փոփոխություններ կատարվեն, որ տուգանքներ նշանակվեն և բավականաչափ մեծ: Հենց տուգանքները լինեն, անպայման ծխողների շեմը կիջնի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031