Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց գործով հերթական դատական նիստը կրկին չի կայացել՝ ամբաստանյալներից Ջուլիետա Կոկոլյանի եւ վկաների բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ այս գործով տուժողներ են Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանը (ներկայումս մասնագիտական լիազորություններն է իրականացնում Factor TV-ում) եւ «Ազատություն» ռ/կ-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանը:
Ամբաստանյալներ Ջուլիետա Կոկոլյանն ու Լևոն Գասպարյանն էլ մեղադրվում են 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ նշյալ լրագրողների հանդեպ բռնություն գործադրելու եւ այդ կերպ նրանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու մեջ:
«Դատարանը որոշում էր կայացրել Ջուլիետա Կոկոլյանին եւ վկաներին բերման ենթարկել, սակայն բերման ենթարկելու որոշումը չէր կատարվել. Ջուլիետա Կոկոլյանը 70-ն անց կին է, առողջական լուրջ խնդիրներ ունի եւ այս ամիսներին գտնվել է հիվանդանոցում, օրերս է դուրս գրվել: Ինչ վերաբերում է վկաներին, ոստիկանությունը գրություն էր ուղարկել, որ բոլորի «դռները փակ են»: Անհասկանալի է այդ փաստը…»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շողիկ Գալստյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Տոնոյանը:
Նա նշեց, որ նույն խնդրով պայմանավորված՝ Ջուլիետա Կոկոլյանը նախորդ նիստերին եւս չի ներկայացել: Առաջիկա նիստն արդեն 2018թ.-ի փետրվարին է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ