Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի դրամատիկական թատրոնն ամփոփում է 2017 թվականը. ձեռքբերումների տարի է եղել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2017 17:03

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրինությունն այսօր հրավիրել էր տարեկան ամփոփիչ ասուլիս: Այս անգամ ասուլիսը փոքր-ինչ այլ սկիզբ ունեցավ, պատճառը թատրոնի մուտքից սկսվող նախատոնական տրամադրությունն էր:

Դրամատիկական թատրոնն այս տարի առաջին անգամ յուրահատուկ ձեւով է դիմավորելու Նոր տարին: Զարդարված են շենքի դիմային հատվածը, ճեմասրահը, գործում է նաեւ ձմեռային այգի, որը թեեւ վճարովի է, սակայն այն հասանելի կլինի բոլորի համար: Տոմսի արժեքը կկազմի 500 դրամ:

-Կարելի է ասել, որ սա նաեւ իմ չիրականացված երազանքն է, որովհետեւ մեր սերունդը մի քիչ ծանր ապրեց այդ տարիները, եւ այս ամեն ինչը մենք չենք հասցրել վայելել: Հիմա ես փորձում եմ, որ այն ինչը չի իրագործվել մեր մանկության ժամանակ, Լոռու մարզի երեխաների համար իրագործելի եւ տեսանելի դարձնել,- ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը:

Տնօրենի խոսքով՝ 2017 թվականը կարելի է արդյունավետ համարել: ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի միջոցներով վերանորոգվել է շենքի տանիքը: Բացի դա, դերասանական կազմը հյուրախաղերով հանդես է եկել նաեւ ՌԴ-ում. «Թեեւ տարվա ավարտին մնացել է մի քանի օր, սակայն այն շարունակում է լինել արդյունավետ: Ունեցանք հրաշալի մի լուր՝ Կարեն Կարապետյանի եւ պետության ջանքերով կհիմնանորոգվի թատրոնի շենքը»:

Սակայն դրամատիկական թատրոնում միայն շենքի հիմնանորոգումով խնդիրները չեն ավարտվում: Թատրոնն ունի նաեւ ժամանակակից տեխնիկայի անհրաժեշտություն. «Այն տեխնիկան ինչ-որ ունենք սարսափելի հին է: Մինչեւ հիմա մարդկանց միջոցով են կառավարվում: Այդ ստանոկներն իջեցնելը, բարձրացնելը, վաղուց աշխարհում թվայնացված է, իսկ մեզ մոտ ներկայացմանը նաեւ բեմի բանվորներն են ներկա, որովհետեւ այդ ամեն ինչն իրենք ձեռքով պետք է բարձրացնեն, իջեցնեն: Լուսային ու ձայնային էֆեկտներն են շատ թույլ, բայց թերեւս կարեւորագույն գործ է թատրոնի վերանորոգումը: Հուսանք, որ այս տարվա մեջ այդ մի նվերն էլ կլինի»:

Շենքի նորոգման աշխատանքները կսկսվեն մարտ ամսին: Նախատեսվում է, որ նոր թատերաշրջանը կմեկնարկի հոկտեմբերին: Իսկ այդ ընթացքում դերասանները հանդես կգան հյուրախաղերով:

Խոսելով խաղացանկի մասին, թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն ասաց, որ այս տարի դրամատիկական թատրոնում եղել է 5 նոր ներկայացման պրեմիերա: Վերջին տարիներին դրանց թիվը չի անցել 3-ը: Իսկ դեկտեմբերի 20-ին կմեկնարկի ամանորյա առաջին ներկայացումը՝ «Ձյունե թագուհին». «Տարիներ առաջ այս տոնածառային ներկայացումները ինչ-որ չափով գալիս լրացնում էր տարվա եկամուտները, եւ գերակատարում: Դրա շնորհիվ թատրոնները կարողանում էին իրենց աշխատողներին հավելյալ վարձատրություն տալ: Ժամանակները փոխվեցին: Այսօրվա եկամուտները, որ կգոյանան տոնածառային ներկայացումներից, հնարավորություն են տալիս, որպեսզի այս կամ այն թատրոնն իր տարվա ֆինանսական ծրագիրը լիովին կատարի»:

Վահե Շահվերդյանը տեղեկացրեց նաեւ, որ 2018 թվականից մինչեւ 2019 թվականը թատրոնում կհայտարարվի թումանյանական տարի. «2019 թվականին լրանում է Հովհաննես Թումանյանի 150- ամյակը: Հայաստանի մյուս թատրոնները կամ արվեստի աշխարհը, թե ինչպես կարձագանքի դրան, մեր թատրոնը պետք է առաջինը լինի: Դա մեր հոգու ու սրտի պարտքն է, մեր գործունեության իմաստն է: Ես որոշել եմ թատրոնի վերանորոգումից հետո, երբ մենք սկսենք աշխատել, ամբողջ թատերաշրջանը կնվիրվի Հովհաննես Թումանյանին: Նոր ներկայացումների շարքում ծրագրվում է բեմադրել «Անուշը» եւ «Գիքորը»: Ես վաղուց եմ երազել»:

Խոսելով հանդիսատեսի մասին՝ ՀՀ ժողովրդական դերասան Հակոբ Ազիզյանն ասում է, որ թեեւ վերջին տարիներին ինչ-ինչ պատճառներով նրանց թիվը նվազել է, սակայն լոռեցի հանդիսատեսը միշտ տարբերվում է. «Մենք ունենք հանդիսատես, որ թատրոնի հետ ապրում է: Իհարկե, առաջվանը չէ, վատ պայմաններից է, քաղաքը դատարկված է եւ այլն: Եթե ընտանիքով գալիս են, 4 հոգու համար 4000 դրամը ընտանիքի բյուջեի համար դժվար է: Բայց մեր հանդիսատեսը դաստիարակված է, թատերական արվեստը գնահատում է: Բազմաթիվ այլ խմբերի հյուրախաղերը ցույց են տվել եւ խոստովանել են, որ Վանաձորի հանդիսատեսը այլ է, մենք դրանով հարուստ ենք: Դա ձեռք է բերվում տարիների քրտնաջան աշխատանքով, որ հանդիսատեսը դառնա ճիշտ գնահատող եւ կապվի բեմի հետ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031