Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորի ճնշմամբ վկա-ոստիկանը փոխել է ցուցմունքը». Անդրիաս Ղուկասյանի պաշտպան

Դեկտեմբեր 19,2017 16:54

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու եւ 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող ընդդիմադիր քաղաքական գործիչ ԱնդրիասՂուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր նրա շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը դատավոր Վարդան Գրիգորյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որի պատճառը նախորդ նիստում դատավորի պահվածքն է եւ վերջինիս գործողությունները:

Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Մեժլումյանը նշեց. «Դատավորը ճնշումներ գործադրեց վկա-ոստիկանի վրա, որպեսզի նա դատարանում ցուցմունքը փոխի, եւ հասավ դրան: Նա ակնհայտ բարկացավ վկայի վրա եւ ինքն էլ ընդունեց, որ բարկանում է: Խոսքն այն վկայի մասին է, որի ցուցմունքի հիման վրա Դավիթ Հովհաննիսյանին 11 ամիս կալանքի տակ պահեցին: Նա ասաց՝ չի տեսել, որ Դավիթը քարով հարվածի, բայց դատավորի բարկանալուց հետո ասաց՝ «այո, տեսել եմ»:

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ 2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում ոչ թե զանգվածային անկարգություններ են եղել, այլ ոստիկանները, ինչպես Կարեն Մեժլումյանն է նշում, զինված հարձակում են գործել քաղաքացիների վրա: «Ես դրա հետ կապված հարց տվեցի վկա-ոստիկանին, դատավորն էլ ասաց, թե իրեն դուր չի գալիս «հարձակում գործել» եզրույթը…Դե, եթե դատավորին դուր չի գալիս, ուրեմն նա շահագրգռվածություն ունի, նա արդեն իսկ կանխակալ է»,-համոզմունք հայտնեց փաստաբանը:

Հավելենք, որ միջնորդության առնչությամբ դատարանը խորհրդակցական սենյակում է եւ դեռ որոշում չի կայացրել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031