Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյան. Դա մեր գիտակցված ընտրությունն է

Դեկտեմբեր 19,2017 16:38

«Եվրոպական մոդելով ՀՀ պետականության կառուցումը մեր գիտակցված ընտրությունն է, և այդ գործընթացն անշրջելի է: Ապացույցը տարիներ շարունակ եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցությունն է, ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը»,- խորհրդարանում այսօր մեկնարկած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա կարծում է, որ օրեր առաջ Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը հավակնոտ փաստաթուղթ է եւ այն նոր էջ է բացում երկկողմ հարաբերությունների պատմության համար:

ՀՀ ԱԺ նախագահը գտնում է, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը խարսխված է մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության վրա . «Մենք պետք է համատեղենք մեր ջանքերը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների այս նոր փուլում արդյունավետ աշխատելու համար: Գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը համագործակցության կամուրջ է տարբեր միջազգային կառույցների միջեւ»:

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը՝ Արա Բաբլոյանը նշեց` տարածաշրջանում խաղաղության եւ կայուն զարգացման հասնելու ձգտումը միասնական է Եվրոպայի հետ: Նա դրական է համարում, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը վերահաստատում է ԵՄ հանձնառությունը՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին:

«Չնայած Ադրբեջանը մշտապես փորձում է խեղաթյուրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման էությունը, միևնույն է դրա կարգավորումը հիմնված է միջազգային երեք սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման: Միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ արտահայտված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Այս առումով հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավոր չէ: Մենք պատրաստակամ ենք շարունակել մեր երկխոսությունը մեր եվրոպացի գործընկերների հետ՝ տարբեր ձևաչափերում»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031