Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմինե Զեյթունցյան. «Երբ մեզ հարցնում են՝ դա Ալբանիա՞ն է, սկսում ենք բացատրել՝ ոչ, մենք Թուրքիայի հարեւանությամբ ենք»

Դեկտեմբեր 19,2017 16:10

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է՝ 2017 թվականի 9 ամիսներին Հայաստան է այցելել 1 միլիոն 172 հազար 402 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 21% -ով ավելի է:

Մեր երկիր ամենաշատ զբոսաշրջիկները, այսինքն, ինչպես Զեյթունցյանն ասաց՝ քանակական առումով եկել են Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից եւ Ուկրաինայից. «Իսկ այցելությունների տոկոսային աճի առումով առաջատար է Հնդկաստանը»:

Զեյթունցյանի վստահեցմամբ՝ զբոսաշրջիկների այցելությունների աճին հիմնականում նպաստել է մի շարք երկրների հետ վիզաների ու սահմանային անցման կետերի դյուրացումը:

«Մի մեծ ու կարեւոր խնդիր ունենք, որը բացահայտեցինք անցյալ տարի, Հայաստանի ճանաչելիության լուրջ խնդիր կա: Այսինքն՝ այն հարցին, թե՝ մենք որտեղի՞ց ենք, պատասխանում ենք Հայաստան: Եվ հարցեր ենք ստանում՝ արդյոք դա Ալբանիան է, Ռումինիան է, որից հետո սկսում ենք բացատրել՝ ոչ, մենք Թուրքիայի հարեւանությամբ ենք գտնվում, մենք նախկին Սովետական միության հանրապետություն ենք: Այսինքն՝ մենք կարեւոր խնդիր ենք դրել՝ երկրի ճանաչելիության բարձրացման հարցը»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը:

Ճանաչողական այցերի շրջանակում, ըստ Զեյթունցյանի, 1 տարվա ընթացքում օտարերկրյա 102 լրագրողներ են այցելել Հայաստան 11 երկրներից՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Իսրայելից, Կորեայից, Չինաստանից, Ֆիլիպիններից, Ուկրաինայից: Այս այցերի արդյունքում 100 –ից ավելի հոդվածներ ու ռեպորտաժներ են պատրաստվել Հայաստանի մասին:

Ստեղծվել է https://armenia.travel/en կայքէջը, որը տարբեր սոցիալական ցանցերի միջոցով գովազդվելու արդյունքում, ինչպես Զեյթունցյանն ասաց՝ թվային պլատֆորմում 61 միլիոն դիտում է ունեցել. «Ունենք ապշեցուցիչ ու ռեկորդային ցուցանիշներ, սա մեծ նվաճում է»:

Եկող տարվա մայիսին, ըստ Զեյթունցյանի, կոմիտեն նախատեսում է քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների առաջին ճանաչողական այցը Հայաստան. «Որի միջոցով կսկսենք զարգացնել ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր ծրագիրը»:

Բացի այս, Զեյթունցյանը նաեւ տեղեկացրեց, որ անգլիական PR ընկերություն են հրավիրել Հայաստան, որպեսզի Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը բրենդավորի. «Այս ընկերությունը 10 տարի է աշխատում է Վրաստանի հետ , եւ մենք տեսնում ենք, թե ինչ արդյունքներ կան այդ երկրում»:

Արկածային զբոսաշրջության ուղղությամբ էլ Զեյթունցյանը վստահեցրեց, որ պատրաստվում են կառավարություն ներկայացնել մի ծրագիր, որպեսզի արկածային զբոսաշրջության երթուղիների երկայնքով քաղաքաշինական աշխատանքների իրականացումը չխոչընդոտի արշավներին:

Զեյթունցյանն ասաց, որ 2017-ի ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղվել է 200 հազար դոլար, իսկ 2018-ին պետական բյուջեից կտրամադրվի 400 հազար դոլարի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031