Լրահոս
Օրվա լրահոսը

Գորգիսյանը ԱԺ-ում սեւամորթ աղջկա ամուսնության առաջարկ անելու մասին է հարցնում, նրան հիշեցնում են՝ ընտանիք ունես

Դեկտեմբեր 19,2017 16:00

ԱԺ-ում «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը իր մտահոգությունները հայտնեց՝ նախագծում որոշ ձեւակերպումների հետ կապված: Մասնավորապես, նրան մտահոգել էր այն, որ կառավարությունը 1-ին հոդվածում փոփոխություն է կատարել. «Նախկինում այս հոդվածում մայրության եւ մանկության կողքին կար հայրություն, հայրությունը հանվել է, արդյոք մեզ հայրությունը կարեւո՞ր չէ, որ հանվել է»: Նա նաեւ հարցրեց՝ նախագծում ամրագրվել է, որ ամուսնանալիս եւ ընտանեկան հարաբերություններում արգելվում է ռասսայական, մաշկի գույնի եւ այլ խտրականությունները. «Այսինքն, օրենքով մենք մարդուն արգելում ենք, թե ինչպես ընտրել ամուսին կամ կի՞ն, սա անհասկանալի ձեւակերպում է մեզ համար»:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը 1-ին հոդվածում հայրությունը հանելու հետ կապված պատասխանեց, որ բառացի Սահմանադրությանն են համապատասխանեցրել՝ 16-րդ հոդվածին: Ինչ վերաբերում է ամուսնությանը, նա ասաց, որ դա բխում է Սահմանադրության 29-րդ հոդվածի պահանջներից. «Ոչ թե արգելում ենք ընտրել, արգելում ենք խտրականությունը: Չեն կարող ամուսնությունը գրանցելիս ասել՝ այս մարդը այլ ռասսայից է, այլ մաշկի գույն ունի»:

Գորգիսյանը ճշտեց. «Այսինքն, եթե ինչ-որ աղջիկ, որը սեւամորթ է, ես առաջարկում եմ ամուսնանալ, նա մերժում է, ես կարող եմ օրենքի այս հոդվածին հղում անելով՝ դատարան դիմել, որ նա ռասսայական հիմքով մերժե՞ց ինձ հետ ամուսնանալ»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը միջամտեց՝ Գորգիսյանին հիշեցնելով, որ նա «իր փայ» առաջարկությունն արդեն արել է եւ ընտանիք ունի:

Իսկ փոխնախարարը պատասխանեց, որ Սահմանադրությունում ամրագրված է, որ կինը եւ տղամարդը կարող են իրենց ազատ կամարտահայտութամբ ձեւավորել ընտանիք, իսկ այստեղ ամրագրվում է, որ որեւէ պետական մարմին չի կարող խտրականություն դնել: Այս նորմը գործում է ընտանիքից դուրս:

Շարմազանովն էլ հավելեց, որ սա շատ նորմալ դրույթ է. «Ո՛չ ռասսիզմին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031