Դեկտեմբերի 16-ից 18-ը Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամներ Նարեկ Գալստյանը (Հայաստան) Ալեքսան Քեոշքերյանը (Լիբանան), և ՍԴՀԿ Հայաստանի քաղաքական դիվանի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մի շարք հանդիպումներ են ունեցել տեղի հայ համայնքի առավել ակտիվ ներկայացուցիչների, համայնքային կազմակերպությունների հետ: Հնչակյան կուսակցության պատվիրակությունը դեկտեմբերի 17-ին Մոսկվայի հայ համայնքի գրասենյակում հանդիպել է ԽՍՀՄ-ի՝ բազմաթիվ երկրներում արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանի, ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, ՌԴ ցամաքային զորքերի վետերանների միության նախագահ, գեներալ –լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի, պատմաբան Կարեն Միքայելյանի և Ռուսաստանի Հայերի միության Մոսկվայի մասնաճյուղի ղեկավար Շահեն Պետրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ շահագրգռված են ակտիվ շփումներ ունենալ հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ համահայկական կարևորագույն հարցերի շուրջ միասնական տեսակետ և դիրքորոշում ձեռք բերելու համար:
Նույնը օրը ՍԴՀԿ պատվիրակությունը հանդիպել է հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչների, համայնքային այլ գործիչների հետ, որի ընթացքում ներկայացվել է Հնչակյան կուսակցության առաջիկա ծրագրերն ու նպատակները, ինչպես նաև Հայաստանի քաղաքական իրավիճակի, Արցախյան հիմնահարցի և Ցեղասպանության միջազգային ճանաչման ու Թուրքիայի կողմից արդարացի փոխհատուցման հասնելու շուրջ կուսակցության իրականացրած աշխատանքները: Հարց և պատասխանի մթնոլորտում անցած հանդիպման հետևանքով Մոսկվայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ ցանկություն են հայտնել համագործակցել ՍԴՀԿ-ի հետ: ՍԴՀԿ պատվիրակները նշել են, որ առաջիկայում կճշգրտվի ՌԴ-ում կուսակցության ներկայացվածության ձևաչափն ու մոտեցումները՝ հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները:
ՍԴՀԿ Մամլո դիւան