Լրահոս
Օրվա լրահոսը

7 նովել միահյուսվել է մեկ ֆիլմում

Դեկտեմբեր 19,2017 15:56

«Շարմ» հոլդինգը, Հ1-ը եւ DMH studio-ն համատեղ իրականացրել են «Մեր երազանքի ճանապարհը» նախագիծը, որը 7 նովելից բաղկացած գեղարվեստական ֆիլմ է:

Դեկտեմբերի 19-ին ֆիլմը ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը նշեց, որ 7 թվի ընտրության մեջ որեւէ միտում չկա. «Պարզապես մենք մտադրություն ունեինք նման ֆիլմ նկարելու եւ ռեժիսորներին, սցենարիստներին առաջարկեցինք ներկայացնել գաղափարներ` կարճամետրաժ ֆիլմերի համար, մենք ընտրեցինք ամենահետաքրքիրները: Երբ 7 կարճամետրաժ ֆիլմերը միացնում ես իրար, կազմում է մոտ 2 ժամ, որը գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի համար ընդունելի տարբերակ է: Այդ 7 պատմությունները իսկապես մեզ հետաքրքրեցին, ուստի որոշեցինք հենց դրանք նկարահանել»:

Կարեն Ղազարյանը` խոսելով 7 ֆիլմերը միմյանց հետ կապելու մասին՝ նշեց. «Ֆիլմի վերնագիրը հենց այդ մասին է խոսում: «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմ է մի ճանապարհի մասին, որը բոլորս անցել ենք անկախությունից ի վեր, մի ճանապարհ, որը լի է եղել տարբեր իրադարձություններով` եւ ուրախալի, եւ տխուր, ամեն ինչ եղել է մեր կյանքում: Այս պատմություններից յուրաքանչյուրը կարող էր յուրաքանչյուրիս հետ պատահել եւ պատահել է: Շատ բարի ֆիլմ է, կարեւոր պատմություններ են, որոնք պատմում են ամենապարզ մարդկային հոգեվիճակների մասին` սեր, մեծերի նկատմամբ հարգանք, սեր դեպի հայրենիք, երեխա-ծնող հարաբերություններ: Կարծում եմ, որ շատ կարեւոր է տարվա ավարտին լիցքաթափվելը, նոր հույզերով բարի էներգետիկայով լցված 2018 թ. մուտք գործենք»:

Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք ֆիլմը ներքին սպառման համար է, թե՞ այլ ծրագրեր էլ ունեն:

Կարեն Ղազարյանն ի պատասխան ասաց. «Սա ֆիլմ է, որը շատ լավ կարող է ներկայանալ դրսում, ծրագրեր կան դրսում ներկայացնելու համար: Ֆիլմերից մեկը` «Սիմոնի ճամփան», որ ամենաառաջիններից մեկն է ավարտին հասցվել, արդեն որպես կարճամետրաժ ֆիլմ ապրում է իր ինքնուրույն կյանքով: Այն մասնակցել է բազմաթիվ փառատոների, ստացել է մրցանակներ: Երեկ նոր հաղթանակ էր գրանցել Մակեդոնիայի փառատոնում` ճանաչվել է լավագույն ֆիլմ»:

«Մեր երազանքի ճանապարհը» բաղկացած է ռեժիսոր Արամ Շահբազյանի եւ սցենարի հեղինակ Հարություն Հարությունյանի «Բարեւ, սիրելիս», ռեժիսոր Արկա Մանուկյանի (սցենարը` Էդուարդ Այանյանի) «Ֆա», ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Արեն Մալաքյանի «Ձյուն», ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի` Բորիս Հայրապետյանի պատմվածքի մոտիվներով նկարահանված «Սիմոնի ճամփան», ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի եւ սցենարի հեղինակ Հարություն Կբեյանի «Հայրը», ռեժիսոր Արշալույս Հարությունյանի (սցենարը` Նարեկ Մարգարյանի) «Մեղրամիս», ինչպես նաեւ սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Սեր, երազանքներ» ֆիլմերից:

Տպավորիչ էր հատկապես Արամ Շահբազյանի «Բարեւ, սիրելիս» ֆիլմը` առաջնագիծը պահող 12 մարտիկների մասին: Նրանցից մեկի կարոտի ու սիրո նամակը արտագրվելով ձեռքից ձեռք անցնելով՝ դառնում է յուրաքանչյուրի հոգու պոռթկումը ու խոստովանությունն իր սիրած էակին, անկախ նրանից՝ արեւելահայերեն է, արեւմտահայերեն, թե ռուսերեն: Նույնիսկ ադրբեջաներեն հնչող նամակը նույնքան ջերմիկ է, ասես անձնական լինի, երբ խոսվում է սեւ հացի թթվություն ունեցող մայր հողի, սիրած կնոջ կարոտից մխալու ու երազանքի մասին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031