Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը չի կարողանում օգտվել այն բոլոր հնարավորություններից, որը տալիս է թվային հեռարձակումը». Բորիս Նավասարդյան

Դեկտեմբեր 19,2017 15:41

«Հայաստանը նահանջ ապրեց ինտերնետի ազատության վարկանիշով»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա, հղում կատարելով «Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպության զեկույցին,  նշեց. «Միշտ պարծենում էինք, որ գոնե այդ առումով խնդիր չունենք, բայց այսօր տեսնում ենք, որ այդտեղ էլ ունենք բավականին լուրջ նահանջ»:

Պարոն Նավասարդյանը մտահոգություն հայտնեց, որ լրատվամիջոցների և լրագրողների գործունեության ոլորտում գոյություն ունեցող խնդիրները հիմնականում չեն լուծվել. ավելին, կա բացասական զարգացում. «Անպատժելիության և լրագրողների նկատմամբ ուժ գործադրելու ու մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առումով խնդիրները շարունակում են մնալ չլուծված: Անփոփոխ են մնացել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքին և դրա կիրառությանն առնչվող խնդիրները: Մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ երկրի և հասարակական կյանքի համար կարևորագույն ոլորտում, ինչպիսիք են հեռուստատեսությունն ու ԶԼՄ-ները, ՀՀ-ն այդպես էլ չունեցավ հստակ պետական քաղաքականություն»:

Բորիս Նավասարդյանը հիշեցրեց՝ 2006-ից պարզ էր, որ ՀՀ-ն անցնելու է թվային հեռարձակման: Այդ ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել այն մասին, թե ինչպես պետք է այդ ուղղությամբ քաղաքականություն մշակել, ինչպիսի հայեցակարգ լինի, բայց ոչ մի առաջընթաց այդ առումով չեղավ. «Մինչև այսօր ՀՀ-ն պատրաստ չէ օգտվել այն դրական հնարավորություններից, որ ԶԼՄ-ների բազմազանության և նրանց՝ լսարանին հասանելիության առումով ընձեռում է թվային հեռարձակումը»:

Անդրադառնալով վերջերս հրապարակված՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի հերթական նախագծին՝ պարոն Նավասարդյանը վստահեցրեց, որ այն բոլորովին չի արտացոլում այն իրավիճակներն ու խնդիրները, որ կան. «2010-ից ոչ մի լուծում չի գտնվել մի շարք տեղական հեռուստաընկերությունների գործունեության առումով, որոնք այն ժամանակ լիցենզիա չէին ստացել: Այն, որ անընդհատ հետաձգվում էր նրանց անալոգային հեռարձակումը, խոսում էր նրա մասին, որ պետությունը չի ուզում փակվեն, բայց յոթ տարվա ընթացքում ոչ մի քայլ չարվեց: Հերթական անգամ նոր օրենքի նախագիծ է առաջադրվում, և այնտեղ էլ ոչ մի լուծում չկա: Աբսուրդ իրավիճակ է, որն իր հետևանքն ունեցավ նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ»:

Պարոն Նավասարդյանը ցավով նշեց՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ այն, որ չունենք համայնքային և մարզային հեռուստաընկերությունների ցանցի նորմալ զարգացում, հանգեցրեց մի իրավիճակի, որ ընտրողները չկարողացան հասկանալ՝ ովքեր են թեկնածուները, ինչ ծրագրով են հանդես գալիս և ինչ նշանակություն ունեն ՏԻՄ ընտրությունները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031