ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին (լուսանկարում) հարցրեց. «Կարո՞ղ եք ասել՝ դատական գործընթացը մեզ մոտ ինչքան է տեւում, ամենակարճ եւ ամենաերկար գործը ինչքա՞ն է լինում»:
Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ եթե ոչ շատ ծանրաբեռնված վարչական շրջանի հետ գործ ունենք, հայցը հարուցելուց հետո ժամկետ է տրվում պատասխան ներկայացնելու համար, դա արդեն 14 օր է, պետք է նախնական նիստ անի դատավորը, արդեն 3-4 ամիս ուշ կարող է լինել, այսինքն, միջին վիճակագրությունը մոտ մեկ տարի է: Դա կարող է ավելի տեւել՝ նայած, թե ինչ միջնորդություններ են արվում:
Միքայել Մելքումյանն ասաց, որ վերջին Doing Business-ով մեր երկիրը 9 կետով հետ գնաց եւ պատճառը դատական համակարգն էր. «Դատական համակարգն ի վիճակի չի սպասարկելու քաղաքացիների եւ բիզնես շահերը: Պատկերացնո՞ւմ եք, եթե բիզնեսը դատարան դիմի, պետք է ռիսկերը ներառի դատարանի, իսկ դատական վեճեր ունենալը մեկից մեկ է: Պատկերացրեք դրա հետեւանքը»:
Փոխնախարարը հաստատեց, որ 9 կետով ՀՀ-ն իր տեղը զիջել է եւ հիմնական պատճառը սնանկության գործերն են. «Ֆիքսել էին, որ ՀՀ-ն սնանկության գործերը քննում եւ ավարտում է 570 օրվա ընթացքում, որը բավականին շատ է: Առաջատար դիրքերում զբաղեցնող երկրները այդ գործերը քննում է 129 օրվա ընթացքում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ