Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսահայ գործիչ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու՝ ԱԱԾ որոշման դեմ առաջին դատական նիստը կայացավ

Դեկտեմբեր 19,2017 15:36

2017 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ Վարչական դատարանում ֆրանսահայ գործիչ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու ԱԱԾ որոշման դեմ առաջին դատական նիստն էր նշանակված: Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվել է 2008 թ.-ից: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մուտքի արգելքը մեկնաբանել է «Օտարեկրացիների մասին» ՀՀ օրենքով՝ պնդելով, թե կան «հավաստի տվյալներ», որ Ալ. Վարպետյանի գործունեությունը կարող է վնաս պատճառել ՀՀ անվտանգությանը: Վերջինիս տվյալները ներառված են «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում»:

Ալ. Վարպետյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և նրա մուտքի արգելքը վերացնելու հարցով 2017 թ. մարտի 10-ին դիմել ՀՀ ԱԱԾ: Վերջինս մերժել է ինչպես այս դիմումը, այնպես էլ դիմումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վարչական բողոքը: 2017 թ. մայիսի 3-ի որոշմամբ ԱԱԾ-ն վերահաստատել է նախկինում հայտնած դիրքորոշումը և պնդել, որ «ՀՀ մուտքի արգելքը չվերացնելը հիմնավոր ու իրավաչափ է»: 2017 թ. հունիսի 6-ին Ալ. Վարպետյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան

Ա. Չատինյանը ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Ալ. Վարպետյանի տվյալները ներառելը և վարչական բողոքը մերժելու որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու հարցով դիմել է դատարան: Հիշեցնենք, որ 2015 թ. մայիսին ֆրանսահայ մեկ այլ գործչի՝ Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերչյան) տվյալներն էին ներառվել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, և վերջինիս մուտքը ՀՀ արգելվել էր: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել էր վերջինիս իրավունքների պաշտպանությունը, և դատական կարգով բողոքարկման արդյունքում 2016 թ. ապրիլի 25-ին Շանթ Ոսկերչյանի վերաբերյալ տվյալները հանվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից: Երեկ կայացած դատական նիստի ընթացքում Ալ. Վարպետյանի ներկայացուցիչ Ա. Չատինյանը ներկայացրեց հայցի հիմքերն ու առարկան, որից հետո դատարանը հետարքրվեց, թե ինչ ընթացակարգով են ներառվում անձանց տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում: Այսքանով առաջին նախնական դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակված է 2018 թ. փետրվարի 5-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031