Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել մահվան ելքով վթարի դեպքի ու ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար

Դեկտեմբեր 19,2017 15:27

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական վարչության աշխատակից Լևոն Հակոբյանի ու Երևանի բնակիչ Արթուր Հակոբյանի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների  պատճառով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով «OPEL» մակնիշի ավտոմեքենայի անչափահաս ուղևորը մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորներից երկուսը միջին ծանրության և կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 05.09.2017թ.-ին` Երևան քաղաքի Աճառյան փողոցում, Լևոն Հակոբյանը փորձել է իր վարած «HONDA» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարել չթույլատրված վայրից, որով խոչընդոտել է հարևան երթևեկության գոտիներով համընթաց շարժվող տրանսպորտային միջոցների, մասնավորապես` Արթուր Հակոբյանի վարած «HUMMER» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը:

Արթուր Հակոբյանը, որն ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի արագության գերազանցմամբ, ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը և թույլ տալով ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում` ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի ու ընդհարվել նշված երթևեկելի ուղեմասով ընթացող «OPEL» մակնիշի, այնուհետև` «NISSAN» մակնիշի ավտոմեքենաներին: Պատահարի հետևանքով «OPEL»-ի ուղևոր, անչափահաս Լ. Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորներից երկուսը, ինչպես վերն արդեն նշվել է, միջին ծանրության և կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Վթարից հետո Լևոն Հակոբյանը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Այսպիսով, ճանապարհատրանսպոտային կանոնների խախտման համար, որն անզգուշությամբ առաջացրել է  մարդու մահ, Արթուր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն արարքի և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար Լևոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031