Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ախպերս եթե զոհվի, ես էլ հետը կզոհվեմ»․ Արցախում զոհված երկվորյակ եղբայրների անվան դասարան Գյումրիում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 19,2017 15:09

Այսօր Գյումրու Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 29 հիմնական դպրոցում բացվեց Արցախում զոհված երկվորյակ եղբայրներ Լեռնիկ և Լևոն Մաթևոսյանների անունը կրող ռազմագիտության դասարան։

Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը, իրենք այս թեմայով խորհրդակցել են ազատամարտիկների հետ, որոնք և առաջարկել են հայրենասիրությունը քարոզող դասասենյակը անվանել Արցախյան պատերազմին մասնակցելու նպատակով Գյումրիում առաջին կամավորական ֆիդայական ջոկատ ստեղծած եղբայրների անունով։ Նաև տեղեկանալով, որ հերոսների զավակները սովորել են հենց այս դպրոցում, միաձայն որոշել են դասասենյակը կոչել հենց նրանց անունով։

Միջոցառման ժամանակ բեմադրության միջոցով ներկայացվեց երկու եղբայրների կյանքը, սխրանքները։

Մայրը՝ տիկին Նադիկը մեզ հետ զրույցում պատմեց, որ նրանք իրենից գաղտնի 1988 թվականին մասնակցել են նստացույցերի, ոտքով հասել Երևան, այնուհետ որոշել են երկու եղբայրներով մեկնել Արցախ։ «Անկեղծորեն ասում եմ, երբ իմացա, հետները շատ կռվեցի, որովհետև ամուսինս ու փոքր տղաս մահացած էին։ Ասում էի՝ բալա ջան, դուք որ գնանք Ղարաբաղ, ինձ ո՞ւմ հույսին պիտի թողնեք, ախր ո՛չ ախպերդ կա, ո՛չ հայրդ, ասում էին՝ Նադ ջան, էնպիսի հարսներ ունես, քո հարսներդ քեզ երբեք չեն անտեսի, կպահեն։ Լավ կեղնի, հեչ չմտածես։ Լևոնիս աղաչում էի, ասում էի գոնե էս անգամ մի գնա, սիրտս վկայում էր, որ Լեռնիկս էլ հետ չի գա, մի անգամ էլ կրակել էին, մազապուրծ էր փրկվել։ Ասի՝ էս անգամ հեչ հույս չունեմ, որ ախպերդ հետ կգա, ասաց՝ որտեղ ախպերս, էնտեղ ես։ Ասաց՝ ախպերս եթե զոհվի, ես էլ հետը կզոհվեմ։ Կռվանք, խռով էի, գնալուց առաջ եկավ, ասաց՝ մեր ջան, քո ձեռքով մի կոֆե եփե, խմեմ ու երթամ։ Գնաց ու էլ չտեսա․․․Երկուսն էլ զոհվեցին հոկտեմբեր ամսին, իրենց ծննդյան օրվանից մի քանի օր անց»։

Մայրը պատմում է, որ երկվորյակ որդիներից Լեռնիկը սովորել է շինարարական տեխնիկումում, սակայն իրենից գաղտնի հաճախել է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն՝ դերասանական դասընթացների, հետո գնացել է աշխատելու Ղափանի թատրոնում, որտեղ էլ սիրահարվել ու ամուսնացել է։

Լևոնը կրթություն չի ստացել, նա տարբեր գործեր է արել, նա ևս ամուսնացել է՝ սիրելով։ Սակայն երկու եղբայրներն էլ, թողնելով իրենց մանկահասակ զավակներին․ Լեռնիկը երկու որդիներ ունի, Լևոնը՝ երկու դուստր, մեկնել են Արցախ։

Նրանք մահացել են 32 տարեկան հասակում՝ մասնակցելով տարբեր մարտական գործողությունների։ Մարտական մկրտությունը ստացել են սահմանամերձ Երասխում, 1990-91 թվականներին մասնակցել Հադրութի շրջանի գյուղերի ազատագրմանը, 1992 թվականին մտել են Ասկերանի շրջան՝ մասնակցելով տեղի մարտական գործողություններին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031