Լրահոս
Օրվա լրահոսը

Բրենդավորումը կօգնի ներկայացնել Գյումրին ու պատմել համայնքի մասին. ծրագրի նախաձեռնողների պարզաբանումները

Դեկտեմբեր 19,2017 15:02

Հաճախ տրվող հարցեր Գյումրու բրենդավորման ծրագրի մասին

1.Ինչո՞ւ է Գյումրիին անհրաժեշտ բրենդ

Բրենդն օգնում է ճանաչելի դարձնել որևէ վայր և գրավել ներդրողների ու զբոսաշրջիկների:

Գյումրին մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, որը տարբերվում է իր ինքնատիպ պատմությամբ, ճարտարապետական ժառանգությամբ, մարդկանցով, աշխարհագրական դիրքով և այլ առանձնահատկություններով:

Բրենդավորումը կօգնի ներկայացնել Գյումրին ու պատմել համայնքի մասին: Deem Communications ընկերությունն իր միջոցներով մշակել է բրենդի կոնցեպտ և դրա ներդրման ռազմավարության առաջարկ 2018-2019 թթ.-ի համար, որի իրագործումը կօգնի զարգացնել քաղաքի սոցիալ-մշակութային կյանքը, բիզնեսը, ներքին և արտաքին զբոսաշրջությունը և այլ հենակետային ոլորտներ:

2.Ի՞նչ է նշանակում Գյումրու բրենդի կոնցեպտը

Հայաստանում և Սփյուռքում հանրային հարցումների և քննարկումների արդյունքում առանձնացվել են Գյումրու յուրահատկությունները՝ ըստ հանրային ընկալման:

Կոնցեպտն անվանել ենք «բառի բուն իմաստով», քանի որ առանձնացված հատկանիշներն անմիջականորեն  և վիզուալ առումով կապվում են լատինատառ «Գյումրի» (Gyumri) անվան յուրաքանչյուր տառի հետ:

Կոնցեպտի հիմքում ընկած են այն առանցքային 6 բաղադրիչները, որոնցով Գյումրին հայտնի է ՝

G= ճարտարապետություն

Y= չեմպիոններ

U= գարեջուր

M = ՏՏ ոլորտ

R = արհեստ և արվեստ

I = ոգի (հումոր, բարբառ և գյումրեցի)

3.Գյումրու բրենդավորման լոգոն

Լոգոն ստեղծելիս ոգեշնչվել ենք Գյումրու ճարտարապետությամբ ու դրանում օգտագործվող գույներից: Պատկերված «աղյուսները» արտացոլում են նաև քաղաքի կառուցվող և զարգացող ապագան:

Լատիներեն «G» տառն օգտագործվել է օտարերկրացի այցելուների և զբոսաշրջիկների շրջանում լոգոն հեշտ ճանաչելի դարձնելու համար: G-ն ոչ միայն լատինատառ «Gyumri» բառի առաջին տառն է ներկայացնում, այլև խորհրդանշում է Գյումրու բարբառում հաճախ օգտագործվող «գ» հնչյունը:

G տառը կոնցեպտի մասն է և ասոցացվում է Գյումրու ճարտարապետության հետ՝ ներկայացնելով «բառի բուն իմաստով» գաղափարի հիմքում ընկած վեց ոլորտներից յուրաքանչյուրը (ճարտարապետություն, չեմպիոններ, գարեջուր, ՏՏ ոլորտ, արվեստ և արհեստ, ոգի՝ մարդիկ): Վեց աղյուսները հիմք են, որ սիմվոլիկ ձևով արտացոլում են Գյումրիի բազմազան շերտերը,  պատմական թաղամասերի սալարկված փողոցներն ու նորարարությունը:

Լոգոն պարունակում է նաև ուղեցույց-կողմնացույց, որը նշում է Գյումրիի դիրքը քարտեզին՝ Հայաստանի հյուսիս-արևմուտքում:

Գույները

·         սևը ներկայացնում է ամրությունն ու տոկունությունը

·         կարմիրը՝ միտքն ու համարձակությունը

·         նարնջագույնը՝ էներգիան ու վառ ապագայի ներշնչանքը

4. Ո՞ւմ պատվերով է իրականացվել  Գյումրու բրենդավորման ծրագիրը:

Ծրագիրը նախաձեռնել ու իրականացրել է Deem Communications PR և մարքեթինգային ընկերությունը որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ձեռնարկում և ներդրում Գյումրու համայնքի զարգացմանը: Որևէ անհատ կամ կառույց այն չի պատվիրել:

5.Ի՞նչ ֆինանսական միջոցներով է իրականացվել Գյումրու բրենդավորման ծրագիրը:

Բրենդավորման ծրագիրը նախաձեռնել ու անվճար, սեփական միջոցներով իրականացրել է Deem Communications PR և մարքեթինգային ընկերությունը, որպես ներդրում Գյումրու զարգացման գործում:

Ընկերության ներդրումով կատարված աշխատանքի ծավալի մաս են կազմում անցկացրած հարցումները, հետազոտությունները, սեմինարներն ու այլ միջոցառումները, մասնագիտական խորհրդատվությունը, թիմի աշխատանքը, ինչպես նաև կազմակերպչական այլ բաղադրիչներ: Deem Communications-ի ներդրման ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 35.000 եվրո:

6. Ովքե՞ր են աջակցել ծրագրին

Ծրագրի շրջանակում կազմվել է ութ փորձագետից բաղկացած աշխատանքային խումբ՝ DEEM-ի մասնագետներին աջակցելու համար: Նրանք Գյումրիում տարբեր ոլորտներ ներկայացնող (ԶԼՄ, զբոսաշրջություն, մշակույթ և այլն կառույցների) ղեկավարներ են:

Ընկերությունը համագործակցել է Գյումրու քաղաքապետարանի, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի, «Կումայրի» արգելոց-թանգարանի և Գյումրու հասարակական կազմակերպությունների ու մասնագետների հետ: Երկու հանրային միջոցառումների իրականացմանն օժանդակել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը:

7. Ինչպե՞ս է ստեղծվել Գյումրու բրենդը

Տասը ամիսների ընթացքում (2017թ. մարտից – դեկտեմբեր) Deem Communications-ը կազմակերպել է սեմինարներ դիզայներների, հաղորդակցման մասնագետների, մշակութային գործիչների, կրթական ոլորտը ներկայացնող մասնագետների, կառավարության, ՀԿ-ների ու երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ: Արդյունքները հիմնված են այս հանդիպումների ու սեմինարների ընթացքում արտահայտված կարծիքների ու խորհրդատվության, ինչպես նաև հանրային հարցումների վերլուծության վրա:  Անցկացվել են հանրային հարցումներ ու քննարկումներ արտերկրից և Հայաստանից ավելի քան 2000 մարդկանց հետ:

8.Ի՞նչ են առաջարկում Գյումրու բրենդավորման ծրագրի նախաձեռնողները:

Deem Communications ընկերության առաջարկը ներառում է բրենդի կոնցեպտը, լոգոն, հայերեն ու անգլերեն կարգախոսը: Անգլերեն կարգախոսը հիմնականում կօգտագործվի զբոսաշրջիկներին գրավելու և նոր հոսք ապահովելու համար:

Բրենդի առաջխաղացման համար ընտրված վեց ուղղությունները կօգնեն Գյումրիին որպես քաղաք և Գյումրու բնակիչներին շեշտադրել և ներկայացնել զբոսաշրջային և ներդրումային հետաքրքրություն ներկայացնող առաջնահերթ ոլորտները:

Ծրագրի շրջանակում առաջարկում ենք նաև քաղաքն ավելի ճանաչելի և հայտնի դարձնելու ռազմավարություն 2018-2019 թթ.-ի համար, որը ներառում է համազգային երաժշտական, նորարար (smart) լուծումներով քաղաքային արվեստի մրցույթներ, ճարտարապետությունն արտացոլող լուսանկարչական մրցույթներ և ավելին: Գյումրու բրենդի առաջխաղացումը կարվի նաև քաղաքի մասին պատմություններ ներկայացնելով Հայաստանում և արտերկրում:

 

Գյումրու բրենդավորման ծրագրի թիմի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031