Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակ նշանակելու համար ցանկալի է դիմել 63 տարին լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում. Անահիտ Գալստյան

Դեկտեմբեր 19,2017 14:44

Կենսաթոշակ նշանակելու կարգ, ժամկետներ,  գործընթացին վերաբերող վիճահարույց հարցեր, Հանրային ռադիոյի «Սպառողի ժամը» հաղորդման շրջանակներում  այս թեմաների շուրջ է խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող պայմաններն, ըստ պաշտոնյայի,  երկուսն են՝ աշխատանքային ստաժ և տարիք: Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք անձը ձեռք է բերում 63 տարեկանում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, իսկ եթե անձը չի աշխատում, ապա նա իր իրավունքը կարող է իրացնել 1 տարի շուտ՝ 62 տարեկանում, բայց այդ դեպքում նա պետք է ունենա 35 տարվա աշխատանքային ստաժ: Աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից, քանի որ մասնակի գործունակություն քաղաքացին ձեռք է բերում հենց այդ տարիքից:

Խոսելով կենսաթոշակ նշանակելու ժամկետների և սահմանափակումների  մասին՝ Անահիտ Գալստյանը նշել է, որ քաղաքացին իր կենսաթոշակի իրավունքը կարող է իրացնել տարիքը լրանալուց հետո ցանկացած պահի՝ միաժամանակ խորհուրդ տալով քաղաքացիներին դիմել 63 տարին լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում, որպեսզի կենսաթոշակը նշանակվի հենց ծննդյան օրվանից: «Ենթադրենք քաղաքացու  63 տարին լրանում է 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, եթե նա դիմի մինչև մարտի 1-ը, ապա նրա կենսաթոշակը կնշանակվի դեկտեմբերի 1-ից և նշանակվելուց հետո նրան կվճարվի դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների կենսաթոշակը: Իսկ եթե քաղաքացին դիմի մարտի 1-ից հետո՝ այսինքն` ԡ ամիս անց, ապա նրան կենսաթոշակ կնշանակվի դիմելու օրվանից. եռամսյա ժամկետը բաց թողնելու պարագայում հետադարձով վճարելու հիմքեր չունենք»,-ընդգծել է վարչության պետը:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, պաշտոնյայի խոսքով, անհրաժեշտ է նվազագույն ստաժ՝  10 օրացուցային տարի, որի  ունենալու դեպքում դրան գումարվում է այլ գործունեության ժամանակահատված ևս՝ մասնավորապես ուսման և  երեխայի խնամքի տարիները:  Մանրամասնելով գործընթացը՝ բանախոսը նշել է, որ աշխատանքային ստաժը հաշվարկելիս 1 տարվա համար 1 տարուց ավել ժամանակահատված չի հաշվարկվում. «Եթե քաղաքացին աշխատել է և երեխայի խնամքի արձակուրդում է գտնվել, ապա այդ ժամանակահատվածը արդեն իսկ աշխատանքային ստաժում հաշվառված է: Երեխայի խնամքի տարիները հաշվառվում են այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում քաղաքացին չի աշխատել, գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի եղել: Յուրաքանչյուր երեխայի խնամքի համար ստաժին գումարվում է 2 տարի, բայց ոչ ավել, քան 6 տարի: Ինչ վերաբերում է ուսման ժամանակահատվածին, ապա այդ ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է՝ ոչ ավել, քան 6 տարի,  հեռակա և երեկոյան ուսուցման դեպքում այդ տարիները աշխատանքային ստաժում չեն հաշվառվում»:

Հարցին, թե ինչ պետական աջակցություն է սահմանված այն քաղաքացիների համար, ովքեր աշխատանքային ստաժ չունեն կամ առկա ստաժը բավարար չէ և քիչ է 10 օրացուցային տարուց՝ ոլորտի պատասխանատուն նշել է, որ այդ դեպքում 65 տարեկանում քաղաքացուն նշանակվում է ծերության նպաստ՝ 16 000 դրամ:

Կենսաթոշակ նշանակելիս արխիվային փաստաթղթեր ներկայացնելու հետ կապված, Անահիտ Գալստյանը նշել  է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը արդեն այս տարվանից թույլ է տալիս, որպեսզի քաղաքացիներից արխիվային փաստաթղթեր չպահանջվեն. «Այժմ արխիվային հարցումները կատարում է  կենսաթոշակ նշանակող մարմինը, և կենսաթոշակը նշանակվում է ոչ թե պատասխանները ստանալուց հետո, այլ քաղաքացու դիմելու օրվանից»,-ընդգծել  է բանախոսը:

Անդրադառնալով կենսաթոշակին վերաբերող վեճերի կարգավորման կարգին՝ պաշտոնյան  նշել է, որ համաձայն սկզբունքի և իրավական կարգավորման՝ վեճը բողոքարկվում է վերադասության կարգով, իսկ եթե դա էլ չի բավարարում՝ դատական կարգով. «Եթե կենսաթոշակ նշանակող մարմնի որոշումը բավարար չէ, ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին դիմում ներկայացնել վերադասին՝ այսինքն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ մանրամասն կուսումնասիրվի խնդիրը, եթե նախարարությունում ևս խնդրին լուծում չտրվի, ապա քաղաքացին  կարող է դիմել դատարան»,-պարզաբանել է վարչության պետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031