Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում եմ 2018 թվ. Գերմանիայում եւ ԵՄ այլ երկրներում կազմակերպել Հայոց ցեղասպանության նյութերի ցուցադրություն». Էդուարդ Շարմազանով

Դեկտեմբեր 19,2017 13:38
cexaspanutyun

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմասի Շրափելին եւ նրանց ուղեկցող անձանց:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արդյունավետ է գնահատել հայ-գերմանական համագործակցության ներկա ընթացքը եւ կարեւորել գերմանացի գործընկերների նպաստաբեր աշխատանքը մեր երկրում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել ԳԴՀ Բունդեսթագին՝ 2016 թվականի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման համար եւ այս համատեքստում անդրադարձել ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանության կանխման եւ պատժման կոնվենցիային», որի 70-րդ տարին լրանում է եկող տարի: «Առաջարկում եմ ՄԱԿ-ի հոբելյանական 70-րդ տարվա առթիվ Բունդեսթագում կազմակերպել Հայոց ցեղասպանության նյութերի ցուցադրություն»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային մտահոգիչ հարցերին:

Էդուարդ Շարմազանովը հյուրերին ներկայացրել է ԼՂ հակամարտության առանձնահատկությունները՝ մասնավորապես նշելով. «Արցախն անջատվել է ոչ թե Ադրբեջանից, այլ Խորհրդային միությունից: Արցախի ժողովուրդը Խորհրդային միությունից անջատվել է այն նույն օրենքների շրջանակում, ինչ ԽՍՀՄ մնացած երկրները, որոնց մի մասն այսօր Եվրամիության անդամ է»: Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են խնդրի խաղաղ կարգավորումը՝ հիմնված բանակցային գործընթացի վրա, ինչից, ըստ զրուցակիցների, համառորեն խուսափում է Ադրբեջանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ օրերս ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին եւ հույս հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանը հնարավորինս արագ կվավերացնի Հայաստանի համար կարեւոր այս փաստաթուղթը: Ըստ նրա՝ Հայաստանն ընթանում է ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները համադրելու, այլ ոչ թե հակադրելու ճանապարհով: «Հայաստանը ցույց տվեց, որ ընթանում է ժողովրդավարության ճանապարհով, եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները պետք է լինեն շարունակական»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ առանձնապես կարեւորել Հայաստանի հետ Գերմանիայի համագործակցությունը: Գերմանացի պատգամավորն անհրաժեշտ է համարել ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացը եւ այդ հարցին ուղղված տարատեսակ ջանքերի գործադրումը:

Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031